ՌԴ պատգամավոր. «Մեզ չհաջողվեց դառնալ աշխարհի բենզալցակայան»
ՌԴ Պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Պախոլկովը դիմել է Տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաևին` առաջարկելով առաջիկա 5 տարվա ընթացքում լիովին հրաժարվել նավթի արտահանումից և մշակել ներքին զարգացման ռազմավարություն` հրաժարվելով նավթային կախվածությունից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր անհրաժեշտ է քաջություն ունենալ և հայտարարել համաշխարհային շուկային նավթի վաճառքից հրաժարվելու մասին», - հայտարարել է Պախոլկովը` ընդգծելով, որ Ռուսաստանին անհրաժեշտ են բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն ներքին տնտեսությանը, և դրա համար կան բոլոր անհրաժեշտ ռեսուրսները:
Պատգամավորը նաև ընդունել է, որ նման քայլի հնարավոր չէ կտրուկ դիմել, քանի որ Ռուսաստանն ունի պարտավորություններ, որոնք պայմանավորված են միջազգային պայմանագրերով:
«Մենք ունենք պարտավորություններ մեր գործընկերների առջև, որոնք պետք է կատարվեն: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ քայլ առ քայլ սկսել այդ գործընթացը` 5 տարվա ընթացքում 20%-ով նվազեցնելով նավթի մատակարարումն արտասահման մինչև վաճառքի ամբողջական դադարեցում», — առաջարկել է Պախոլկովը` հավելելով, որ մինչ իշխանությունները սպասում են՝ երբ է թանկանալու նավթը, երկրի տնտեսությունը «մահանում է», իսկ տնտեսության հետ «մահանում է» նաև պետությունը:
«Մեզ չհաջողվեց դառնալ աշխարհի բենզալցակայան», - եզրակացրել է պատգամավորը:
ՌԴ պատգամավոր. «Մեզ չհաջողվեց դառնալ աշխարհի բենզալցակայան»