Լրահոս

27.11.2009 12:52


«Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողով Լեռնային Ղարաբաղում

«Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողով Լեռնային Ղարաբաղում

Նոյոեմբերի 22-25-ը Արցախում էին գտնվում Վրաստանից (Թբիլիսիից, Ջավախքից, Աջարիայից) ժամանած տարբեր հայկական երիտասարդական միությունների  10 ներկայացուցիչներ: Այցի նպատակն էր մասնակցել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին, որը նախաձեռնել էր «Հայկի Սերունդ» երտասարդական հասարակական կազմակերպությունը՝ իրականացնելով այն ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ:

Համաժողովը հետապնդում էր երեք նպատակ' ակտիվացնել եւ ամրապնդել համագործակցությունն Արցախի եւ վիրահայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների միջեւ, վիրահայ երիտասարդներին հնարավորինս ծանոթացնել Արցախի առօրյային ու խնդիրներին, ժողովրդական դիվանագիտության միջոցով  քարոզել Արցախի շահերը Վրաստանում: Այցը կրում էր ինչպես գործնական, նույնպես և պատմաճանաչողական բնույթ:

Այցի առաջին իսկ օրը վիրահայ երիտասարդներին ընդունեց ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աաբալյանը: Ոջունելով պատվիրակությանը, նախարարը հույս հայտնեց, որ այս հանդիպման ընթացքում ձեռք կբերվեն պայմանավորվածություններ, ինչն էլ կնպաստի նմանատիպ ծրագրերի շարունակականությանը: Այնուհետեւ նախարարը հետաքրքրվեց Վրաստանի հայ համայնքների հասարակական կյանքով:

Նախարարի հետ հանդիպումից հետո մեկնարկեց «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովը, որին մասնակցում էին տեղի երիտասարդական կառույցներից ներկայացուցիչներ, ուսանողներ, ԼՂՀ շրջվարչակազմերի երիտասարդության հարցերի պատասխանատուներ:

Հաջորդ օրը համաժողովի մասնակիցներին, այդ թվում՝ վիրահայ երիտասարդներին, ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիպմանն արծարծվեցին  վիրահայության կյանքին առնչվող հարցեր: Հանրապետության ղեկավարը տրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել երիտասարդության համատեղ ծրագրերի իրագործմանը։

Նույն օրը Վրաստանից ժամանած երիտասարդներին և նրանց արցախցի հասակակիցներին ընդունեց նաեւ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, արցախյան ազատամարտի վետերան, ժողովրդական արտիստ, ներկայումս՝  ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Ժաննա Գալստյանը: Ջերմ ու սրտառուչ մթնոլորտում զրույց տեղի ունեցավ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի պատմության, ԼՂՀ,ում անկախ պետականաշինության գործընթացի և այդ ասպարեզում երիտասարդ սերնդի դերի ու խնդիրների շուրջ։

Վիրահայ երիտասարդները Ստեփանակերտում այցելեցին նաեւ զոհված, ինչպես  եւ անհայտ կորած ազատամարտիկների թանգարաններ, պատմաճանաչողական այցեր կազմակերպեցին դեպի Շուշի եւ Գանձասարի վանք, ներկա գտնվեցին Ստեփանակերտում □Անուշ□ օպերայի անդրանիկ բեմադրությանը, դիտեցին ֆիլմեր արցախյան պատերազմի եւ վիրահայ համայնքի մասին, այցելեցին զորամաս:

Այցի արդյունքներն ամփոփվեցին մշակույթի ու երիտասարդության նախարարի հետ երկրորդ հանդիպման ժամանակ։ Երիտասարդները նախարարին տեղեկացրին ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնք, ինչպես նշվեց զրույցի ժամանակ,  վերաբերում էին ինչպես երիտասարդական դաշտին, նույնպես և մշակույթի, կրթության եւ սպորտի բնագավառներին: Խոսվեց նաև հետագա անելիքների մասին։ Նշվեց, որ,  ըստ պայմանավորվածության, այսուհետ Արցախում կազմակերպվող տարաբնույթ մշակութային եւ երիտասարդական միջոցառումներին կհրավիրվեն նաեւ վիրահայ երիտասարդները, իսկ Վրաստանի հայ համայնքներում կազմակերպվող միջոցառումներին' Արցախի երիտասարդ ներկայացուցիչները: Քննարկվեցին  նաեւ տեղեկատվության փոխանակման հարցեր: Վերջում երիտասարդները կարեւորեցին երկկողմանի' երկու պետությունների հայ երիտասարդության միջեւ երկխոսություն անցկացնելու փորձը, որին մասնակցում են ոչ միայն զուտ առանձին կազմակերպություններ, այլ նաեւ երիտասարդական քաղաքականությամբ զբաղվող պետական եւ ոչ պետական կառույցներ, երիտասարդ ակտիվիստներ, այդ թվում' շրջաններից, ուսանողներ: Նմանատիպ երկխոսությունը  հնարավորություն է տալիս մանրակրկիտ ուսումնասիրել համագործակցության բոլոր պայմանները: Իր հերթին՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

Այս խորագրի վերջին նյութերը