Լրահոս

27.11.2009 11:37


Վ. Կոստանյան. «Իշխանության թեկնածուն Հմայակ Հովհաննիսյա՛նն է»

Վ. Կոստանյան. «Իշխանության թեկնածուն  Հմայակ Հովհաննիսյա՛նն է»

Թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Հմայակ Հովհաննիսյանը «7օր»-ին տված հարցազրույցում պնդել էր, որ եթե թիվ 10 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանն ընտրվի, ապա դա կնշանակի, որ ընդդիմությունն ու իշխանությունն արդեն ներքին պայմանավորվածության են եկել, և այդպիսով՝ արդեն իսկ սկսվել է նրանց համագործակցությունը։

Փոխարենը, նույն ընտրատարածքում առաջադրված, այնուհետև ինքաբացարկ հայտնած Վլադիմիր Կոստանյանն այսօր «7օր»-ին ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի համագործակցության մասին խոսակցություններն անհիմն են և անհեթեթություն, քանի որ դրան չի հավատում։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի պատգամավոր, ապա, ըստ Վ. Կոստանյանի, դա միմիայն նրա ջախջախիչ հաղթանակի արդյունքը կլինի։

-Ես շատ ուրախ կլինեմ, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի, բայց չեն թողնի, ընդդիմության թեկնածուն դժվար կհաղթի, քանի որ այդ ընտրատարածքում կա նաև իշխանության թեկնածուն, որը Հմայակ Հովհաննիսյա՛նն է։ Եվ ամեն ինչ անելու են, որ Հմայակ  Հովահննիսյանն անցնի։ Իսկ նրա խոսքերը, թե հանելու է իր թեկնածությունը, անհիմն են։ Ես «7օր»-ում երեկ կարդացել եմ, որ Հմայակ Հովհաննիսյանը խոստացել է, թե պետք է հանի իր թեկնածությունը։ Ստո՛ւմ է։ Նա չի հանելու։ Օրը կգա, բարին էլ հետը։ Տղամարդկությունը նրա մեջ չէ, որ ամեն մարդ շալվար է հագնում։ Տղամարդկությունը նրա մեջ է, որ խոսքին տեր է կանգնում։ Նա նաև ասել էր, թե Վլադիմիր Կոստանյանը գումար չուներ, չի մուծել, դրա համար էլ դուրս է եկել։ Ես ուզում եմ պատասխանել Հմայակ Հովհաննիսյանին՝ ի՞նչի է սիրտը մրմռում այդ «խեղճ» մարդու, որ հանեցի. ինքն իր խոսքի տերը չի եղել, իսկ ես ապացուցի, որ ես քաղաքի տղա եմ, որ ես մարդ եմ, երևանցի եմ և ես իմ խոսքի տե՛րն եմ,- նշել է Վ. Կոստանյանը՝ հավելելով, որ ոչ թե հօգուտ Նիկոլ Փաշինյանի կամ թեկնածուներից մեկ այլի է ինքնաբացարկ հայտնել, այլ ուղղակի հետամուտ է եղել իր խոստմանը, որ եթե Ն. Փաշինյանը գրանցվում է որպես թեկնածու, ապա ինքն ինքնաբացարկ կհայտնի։

Վ. Կոստանյանը պնդել է, որ ընտրագրավը կարող էր մուծել, բայց եթե ինքաբացարկ չհայտներ, ապա շա՜տ-շատ էր խանգարելու Նիկոլ Փաշինյանին, քանի որ թիվ 10 ընտրատարածքում հաղթող թեկնածուն հենց ի՛նքն էր լինելու։

Ինչ վերաբերում է այս կամ այն թեկնածուին սատարելուն, ապա Վ. Կոստանյանը նշել է, որ առայժ որևէ մեկին չի աջակցում, բայց եթե իրեն դիմեն, ապա հնարավոր է, որ իր ընտրողներին կոչ անի ձայները տալ տվյալ թեկնածուին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը