Մեկնաբանություն

01.02.2016 16:05


Տիգրան Սարգսյանի «ռեինկարնացիան»

Տիգրան Սարգսյանի «ռեինկարնացիան»

Օ՛հ, ցնծա՜, հայ ժողովուրդ, 2016 թվականի փետրվարի 1-ից իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր նախագահ, ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ–ում ՀՀ նախկին դեսպան Տիգրան Սարգսյանի ղեկավարությամբ:

Կարծում ենք՝ անհապաղ պետք է Տիգրան Սարգսյանի որոշումով հայաստանյան մեռելոցների օրը ի մի բերել ու այն նշել փետրվարի 1-ին: Այս պաշտոնում նա փոխարինել է ռուս Վ. Խրիստենկոյին: Բայց դա կարեւոր չէ:

Ի՞նչ է անելու մեր «օֆշորային» հերոսը 4 տարի (այդքան է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի պաշտոնավարման ժամկետը): Դատելով նրա վարչապետական վեցամյա գործունեությունից՝ բացի վնասից՝ Հայաստանին ոչ մի օգուտ չի տալու:

Օրինակ՝ մի 10 օր առաջ Ռուսաստանն արգելեց Հայաստանից մի շարք գյուղմթերքների, այդ թվում՝ մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Տեսնենք, թե Տիգրան Սարգսյանն ինչպես է ջանալու, որպեսզի վերանա այդ արգելքը:

Հնարավոր է՝ նոր պաշտոնում նա սկսի դասախոսություններ կարդալ դաբաղի մասին, քանի որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ տիպի հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով։ Շատ հնարավոր է՝ ԵՏՄ-ի հայազգի «վարչապետը» մի ամբողջ տեսություն հորինի՝ ապացուցելով, որ Հայաստանում դաբաղ չկա: Բայց նա հազիվ թե առանց միլիոնավոր դոլարների ստանձնի այդ գործը:

Ինչեւէ, Տիգրան Սարգսյանը, որը ՀՀԿ առաջնորդի գլխավորությամբ քանդել է ՀՀ տնտեսությունը, իր գործունեությամբ նպաստել արտագաղթի, աղքատության եւ գործազրկության ծավալների մեծացմանը, հասցրել է եռապատկել ՀՀ արտաքին պարտքը եւ ՀՀ-ից դուրս քշել օտարերկրյա ներդրողներին, այսօր բազմել է ԵՏՄ-ի «վարչապետի» աթոռին:

Գուցե հիմա էլ «Ռուսական աշխարհ» գաղափարն իրագործի եւ կիթառ նվագելով՝ 4 տարին գլորի: Գուցե:

Շա՜տ զավեշտական եւ միաժամանակ ողբերգական է մեր իրականությունը: Սերժ Սարգսյանն արգելեց Տիգրան Սարգսյանին հաջորդած վարչապետին գնահատել «օֆշորային սկանդալի» մեջ ներքաշված Տիգրանի վարչապետական 6-ամյա ավերիչ գործունեությունը, ոչինչ չի խոսվում Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում կարճատեւ պաշտոնավարման մասին (Ս. Սարգսյանը, երեւի, դա էլ է արգելել):

Իսկ հիմա, դիմավորեք, նա բազմել է նոր՝ ավելի պատասխանատու աթոռի: 4 տարի անց բոլորը միմյանց հարց կտան՝ իսկ ովքե՞ր կամ ինչո՞ւ որոշեցին հենց սրա՛ն նշանակել Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ: Բայց արդեն ուշ կլինի, հարցն էլ՝ այժմեականությունը վաղուց կորցրած: Զուտ հայկական իրականություն կամ «Հայի հետին խելք»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը