Մեկնաբանություն

01.02.2016 01:30


Ի՞նչ հետևություններ են արել Երևանում ու Բաքվում

Ի՞նչ հետևություններ են արել Երևանում ու Բաքվում

ԵԽԽՎ–ում տեղի ունեցած քվեարկություններից հետո Երևանում ու Բաքվում տարբեր տրամադրություններ են, և տարբեր տեսակետներ են հնչում (խոսքը պաշտոնական տեսակետների մասին է)։

Բաքվում, բնականաբար, դժգոհ են մնացել ԵԽԽՎ–ում տեղի ունեցածից ու համապատասխան քայլեր են ձեռնարկում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ղարաբաղի հարցով բրիտանացի պատգամավորի պատրաստած զեկույցի չանցնելու կապակցությամբ իր լիազորություններից զրկվել է ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։

Ալիևը նաև դեսպանների մակարդակով է քայլեր ձեռնարկում։ «Ինվենտարիզացիայի» են ենթարկվում ԵԽԽՎ–ում ընդգրկված բոլոր պետությունները։ Բաքվում համարում են, որ այն երկրները, որոնք Ադրբեջանին ոչ ձեռնտու ձևով են քվեարկել, դա արել են նաև իրենց դեսպանների վատ աշխատանքի պատճառով։ Ադրբեջանական դեսպաններին, ըստ այդմ, հանձնարարական է տրված աշխատել պրոադրբեջական զեկույցին դեմ քվեարկած պետությունների հետ և անհրաժեշտ մոտեցումներ ցուցաբերել։

Մի խոսքով, Բաքվում լուրջ են մոտեցել ԵԽԽՎ–ում կայացած գործընթացներին ու համապատասխան հետևություններ են անում։ Կտա՞ դա արդյունք, թե՞ ոչ, այլ հարց է։ Տվյալ դեպքում էականն այն է, որ Ադրբեջանում հասկանում են միջազգային հարթակներում քարոզչական ու դիվանագիտական հաղթանակների արժեքը, համապատասխան մթնոլորտի ձևավորման կարևորությունը և, մասնավորապես, ԵԽԽՎ–ի հարթակն օգտագործելու անհրաժեշտությունը։

Ճիշտ հակառակ պատկերն է մեզ մոտ։ Պաշտոնական շրջանակներն ուրախացել են, որ պրոադրբեջանական զեկույցներից միայն մեկն է ընդունվել։ Իշխանությունների և նրանց կցված հաճախորդների մոտ նկատվում է էյֆորիա։

Դե, իսկ Սերժ Սարգսյանը, դատելով նրա պահվածքից ու որոշ ՀՀԿ–ականների հայտարարություններից, չի կարևորում միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքը և չի հասկանում, օրինակ, ԵԽԽՎ–ի դերն ու նշանակությունը։

Հարկ է նկատել, որ միայն այն հանգամանքը, որ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույց է մտնում ԵԽԽՎ–ի նիստի օրակարգ ու ընդամենը չորս ձայնի տարբերությամբ չի ընդունվում, պետք է հորթային հրճվանքի առիթ չտա արտահաստիքային «հայրենասերներին» և լրջորեն անհանգստացնի ՀՀ–ին։ Բաղրամյան 26–ում, սակայն, լրիվ այլ հարցերով են անհանգստացած (ինչպես ՀՅԴ–ին օգտագործել ու, միաժամանակ, քիչ պաշտոններ տալ, ինչպես կազմակերպել «Վերարտադրություն» օպերացիան, ինչպես շատ փող հավաքել թուլացող տնտեսության պայմաններում և այլն), և այդ հարցերը բացարձակապես կապ չունեն մեր երկրի շահերի հետ։

Ահա այսպիսին է «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության իրական էությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ամենամտահոգիչն այն է, որ ԵԽԽՎ–ում հակահայկական քվեարկություն իրականացրեց վրացական պատվիրակությունը։ Եվ ի՞նչ հետևեց դրան։ Ոչի՛նչ։

Ասենք, կարելի էր ՀՀ–ում Վրաստանի դեսպանին կանչել մեր ԱԳՆ՝ բացատրություն տալու, կամ այլ քայլ ձեռնարկել։ Բայց ոչ մի բան էլ չարվեց, քանզի Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ՀՀ–ն հանձնել է իր բոլոր դիրքերը Վրաստանում ու մնացել ձեռնունայն։ Եվ հիմա մենք չենք կարող որևէ բանով ճնշել վրացիներին։

Հայ–վրացական հարաբերությունները վատացել են «նախաձեռնողականության» արդյունքում։ Այդ վատ հարաբերությունները խորհրդանշող իրը Սահակաշվիլիի ստացած մեդալն էր Սարգսյանից։ Հարցն այն չէ, որ այդ մեդալից հետո վատացան մեր երկրների հարաբերությունները։ Հարցն այն է, որ այդ մեդալը փորձ արվեց ներկայացնել որպես լավ հարաբերությունների վկայություն, սակայն իրականությունը ճիշտ հակառակն էր։

Ինչ վերաբերում է Վրաստանում դեսպան նշանակվածին, ապա նա պետության հաշվին կուրորտ է գնացել՝ ԱՄՆ–ից ՀՀԿ ղեկավարի բանակն անցնելու համար։ Ի՞նչ պետական խնդիրների ու շահի մասին կարող է խոսք գնալ այդ դեպքում։ Մարդը թունդ ընդդիմադիրից դարձավ սերժամետ ու իր վարձը ստացավ սկզբում նախարար, ապա դեսպան դառնալու միջոցով այնպես, ինչպես հիմա ՀՅԴ–ն է իր վարձը փորձում ստանալ «Նախագա՛հ, մի՛ զիջիր» գոռալու, հայ–թուրքական տխրահռչակ արձանագրությունները մոռանալու և «սահմանադրական» հեղաշրջմանն աջակցելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը