Մեկնաբանություն

27.01.2016 21:50


Մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան

Մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան

Ֆրանսիայի հետ գործ չունենք: Թեպետ, Ռոդենի փոքրիկ քանդակը զարդարում է մեր մայրաքաղաքի կենտրոնը՝ Ֆրանսիայի հրապարակը (չհաշված հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունը): Բայց, միեւնույն է, դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտենք, որ հասնենք Ֆրանսիային: Մասնավորապես, կառավարության անդամների սկզբունքայնության առումով:

Ուրեմն, նախագահ Ֆրանսուա Օլանդն անցած տարվա նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո (որոնց զոհ դարձավ 130 մարդ, եւ վիրավորվեց ավելի քան 350 հոգի) մտադրվեց փոխել երկրի Սահմանադրությունը, եւ շուտով՝ փետրվարին, կսկսվեն նոր նախագծի քննարկումները:

Ահա այս պատճառով, այսինքն՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելու հստակ դիրքորշում ունենալու պատճառով հրաժարականի դիմում է ներկայացրել Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան, ինչն արդեն բավարարվել է նախագահի կողմից:

Այն, որ Օլանդը կոնկրետ պատճառ ուներ Սահմանադրությունը փոխելու, պարզ է: Մեզանում այդ պատճառն էլ չկար: Բացի «մարդակենտրոն» սահմանադրություն ունենալու կեղծ «հիմնավորումից»:

Անգամ այն դեպքում, երբ Օլանդն ինչ-որ հիմքով Սահմանադրություն է փոխում, և դրան դեմ լինելու պատճառով արդարադատության նախարարը հրաժարական է ներկայացնում, սա հայ իրականության համար գուցե նոնսենս համարվի: Քանզի մեզանում արդարադատության նախկին նախարար Թովմասյանը լծվել էր Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխանությունն ապահովելուն միտված նոր Սահմանադրության մշակման եւ «պիառի» գործին, իսկ գործող արդարադատության նախարարը սահմանադրական փոփոխություննների թունդ քարոզի ժամանակ՝ 2015-ի հուլիսին, հրաժարական տվեց՝ չնշելով պատճառը, ինչը հաստատապես սահմանադրական փոփոխություններին չէր վերաբերում: Համենայնդեպս, Հովհաննես Մանուկյանը մինչ օրս չի ասել, թե պաշտոնից հեռացավ, քանի որ դեմ էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Դե, նորանշանակ նախարարի մասին չարժե խոսել. ՀՀԿ-ական «օղակավարուհին» եթե դեմ լիներ ինչ-որ բանի, կուսակցությունը նրան ոչ մի բան չէր վստահի։

Իսկ Ֆրանսիայում հանգիստ կարող են հեռանալ պաշտոնից սեփական սկզբունքներն ավելի բարձր գնահատելու համար: Սա այն դեպքում, երբ Օլանդն, այնուհանդերձ, ինչ-որ ծանրակշիռ պատճառ ուներ սահմանադրական փոփոխությունների գնալու համար: Իսկ Սերժ Սարգսյանի համար միակ «ծանրակշիռ» պատճառը սեփական իշխանությունը հավերժացնելու նպատակադրումն էր:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը