Մեկնաբանություն

26.01.2016 18:30


«Նախաձեռնողական անգործություն»

«Նախաձեռնողական անգործություն»

Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ–ի հունվարյան նստաշրջանում տեղի է ունեցել հակահայկական 2 բանաձևերի քննարկումը։ Զեկույցներից մեկը՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից», ընդունվել է, իսկ մյուսը՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում», չի ընդունվել։ Հատկապես այս վերջինն էր մեզ համար վտանգավոր և լավ է, որ չընդունվեց։ Թեև հարկ է նշել, որ միայն այն հանգամանքը, որ նման վերանգրերով զեկույցներ են պատրաստվում և դրանցից մեկն ընդունվում է, իսկ մյուսի ընդունվելուն չի բավականացնում միայն 4 ձայն, արդեն վատ է։ Շատ վատ։

Եթե Արևմուտքի հետ աննախադեպ լարված հարաբերություններ ունեցող Ադրբեջանը ԵԽԽՎ–ում կարողանում է 66 ձայն հավաքել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերանգրված զեկույցի համար, ապա պատկերացնել կարելի է, թե ինչեր կարող է լինել այն դեպքում, երբ լարվածություն չլինի։

Հօգուտ Ադրբեջանի տված 66 «կողմ» ձայնը Հայաստանի պարտությունն է, և առնվազն անմեղսունակություն է այս ամենին էյֆորիկ արձագանքներ տալը՝ նշելով, թե հայկական կողմը հաղթել է։ ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը մեզ պետք է լրջորեն մտահոգվելու, այլ ոչ թե ուրախանալու առիթ տա։

Ոչ մի հաղթանակ էլ չկա։ ՀՀ–ն պարզապես պլստացել է՝ օգտվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների օրերս արված հայտարարությունից։

Ինքն իր քաղաքականությունը նախաձեռնողական որակած Սերժ Սարգսյանն ու իր թիմը ոչինչ չեն արել, որ նախ նման զեկույց չմտնի ԵԽԽՎ օրակարգ, ապա նաև չընդունվի։ ՀՀԿ ղեկավարի մտքի թռիչքը, որը ներկայացրել է «Գեբելսյան» քարոզչամեքենան, հակահայկական զեկույցի կապակցությամբ ԵԽԽՎ նիստը բոյկոտելն էր։

Սերժսարգսյանական «նախաձեռնողականությունն» անգործությունն է և գերտերությունների վրա հույս դնելը։ Այդպես էր տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ, այդպես է նաև հիմա։

Նախաձեռնողականն այն կլիներ, որ մենք կարողանայինք ԵԽԽՎ–ում առնվազն քննարկման առարկա դարձնել, ասենք, «Բաքվի ու Սումգայիթի ջարդերից փրկված հայ փախստականների վիճակի քննություն» վերանգրով զեկույց կամ համանման մեկ այլ թեմա։

Թե չէ ափալ–թափալ, վերջին օրով «հերոսաբար» կռիվ տալը ուրիշ բանի վկայություն է։ «Նախաձեռնողական անգործության» վկայություն։

Ի դեպ, ԵԽԽՎ–ում բրիտանացու կազմած ադրբեջանամետ զեկույցը չանցավ նաև ադրբեջանցիների «կացնային» քաղաքականության պատճառով։ Բայց դե ինչքա՞ն կարելի է թշնամի երկրի հիմարությունների վրա հույս դնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը