Կարծիք

27.11.2014 00:52


Ո՞ւմ է բացահայտում բացահայտված Նիկոլը

Ո՞ւմ է բացահայտում բացահայտված Նիկոլը

Իշխանության սպասարկուները համացանցը ողողել են հիմնականում մի շաբլոն վերտառությամբ նյութերով՝ «Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը լակմուսի թուղթ է ընդդիմության համար»:

Նիկոլի մասին մի անգամ չի, որ գրել եմ ու հիմնավորել, որ նա իշխանությունների քաղաքական գործակալն է, ուստի ևս մի անգամ չէի անդրառանա, բայց երբ արդեն բացահայտումների փուլ ենք մտել, ուրեմն մի բացահայտում էլ փորձեմ ես անել, բայց ոչ Նիկոլի մասով:

Առաջին՝ Սերժ Սարգսյանը 12 կետերին վերադառնալու առաջարկությամբ ոչ մի մտադրություն չունի համագործակցելու ընդդիմության հետ, այլ փորձում է նրանց վարկաբեկել, թե, իբր, իշխանությունների հետ անդրկուլիսյան պայմանավորվածություններ կան: Բայց երբ դա չստացվեց, ու հիմա այլևս բացահայտված է նրա խաղը, անցել է այլ տիպի բանսարկության։ Կնշանակի՝ «եռյակի» կողմից Սարգսյանի «երկխոսական» առաջարկությունը մերժելն արդարացված էր ու լիովին հիմնավորված:

Երկրորդ՝ Սարգսյանն այլևս ոչ մի հույս չունի, որ երկարաժամկետ կտրվածքով կկարողանա իրավիճակին տիրապետել, այլապես խնամքով պահած-փայփայած Նիկոլին ու Զարուհի Փոստանջյանին այս փուլում այսպես դաժանորեն չէր օգտագործի: Նրանք դեռ պետք է շարունակեին օդը կեղտոտել, բայց չպետք է գնային ինքնաոչնչացման այս փուլում: Չէ՞ որ եթե նրանք «իքիբիրով-հափյեկով» սրան-նրան քննադատում էին խորհրդարանում, առավելապես ամեն մեկն իր թիմակիցներին էր ներսից հարվածում, դա դեռ անշառ հաճախորդություն էր: Բայց երբ խոհրդարանի ողջ ոչիշխանական հատվածին ուզում ես, իբր, բացահայտել, ձեզ այնպես կբացահայտեն, որ հաստատ պակաս չի թվա: Կնշանակի՝ Սարգսյանը գնում է վա-բանկ՝ լավ հասկանալով, որ համաժողովրդական շարժման նախաձեռնած իշխանափոխության գործընթացը պսակվելու է հաջողությամբ, ուստի ստիպված նախագահականի բոլոր երաժշտական գործիքներին, հաճախորդներին, իդիոտներին, դհոլներին ու օդ տատանողներին, մի խոսքով՝ բոլորին-բոլորին, հանել է «տռաս», կներեք՝ մայրուղի:

Ու եթե Նիկոլի նախաձեռնությունը լակմուսի թղթի դեր խաղաց, ապա դրանով իսկապես բացահայտում տեղի ունեցավ, թե ինչ օրն է ընկել Սերժ Սարգսյանը, որ այս պրիմիտիվ խաղն է խաղում: Ուրեմն, սա ևս վկայությունն է այն բանի, որ համաժողովրդական շարժումը ճիշտ ճանապարհով է գնում:

Վախենամ՝ այսպես որ գնա, հաջորդ անգամ Գալուստ Գրիգորիչը Ազատիչի հրաժարականը պահանջի: Թե չէ, մի քանի «նստած-փչացած-դուրս եկած» պատգամավոր ունենք, սրանք էլ որ հրապարակային փչանան, էլ ո՞ւմ հույսին է մնալու «վերջին բոլշևիկը»:

Դե, Զարուհի Փոստանջյանը թեպետ չի նստել, բայց նրա հետ էլ պակաս դաժան չվարվեցին. եղբորը կալանավորեցին ու ստիպեցին, որ Զառան Բ26-ի կրոնն ընդունի: Դե, նա էլ ի՞նչ չէր անի հարազատ եղբոր համար:

Մեզ մնում է կարեկցել Նիկոլին ու Զառային, բայց և, միևնույն ժամանակ, տեղեկացնել նրանց, որ Սերժի պաշտոնանկությունից հետո նիկոլենք ներողամտություն չհայցեն իրենց նախկին գործընկերներից, քանի որ պատժողը նրանք չեն լինելու, այլ այս տուժած, բորբոքված ժողովուրդը, որն ուղղակի իրենց հանդեպ նման ստոր խաբեությունը չի ներելու: Սա պետք է գիտենա յուրաքանչյուր ոք, ով հավաքագրվում է իշխանությունների կողմից՝ հույս ունենալով, որ դա գաղտնի կմնա, կամ էլ Սերժ Սարգսյանին կհաջողվի հավերժ իշխել: Բայց վստահեցնում եմ, որ իշխանոթյունները փոխվելու են, ու գաղտնիքներն էլ ջրի երես են դուրս գալու, հատուցման պահն էլ չի ուշանալու:

Արմեն Հարությունյան

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1504911249780657&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը