Լրահոս

13.02.2013 11:10


Այսօր կվառվեն Տրնդեզի խարույկները

Այսօր կվառվեն Տրնդեզի խարույկները

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 14–ին նշում է Տեռնընդառաջը։ Տոնի խորհուրդը եկեղեցին հետևյալ կերպ է մեկնաբանում. երբ քառասուն օրական Հիսուսին ծնողները տանում են՝ ընծայելու եկեղեցուն, նրանց ընդառաջ է գալիս Սիմեոն ծերունին։ Իսկ նա, ըստ Ավետարանի, չէր կարող իր մահկանացուն կնքել, քանի դեռ Հիսուսին չէր տեսել։ Ընդառաջ գալով՝ Սիմեոն ծերունին աղոթք է հղում առ Աստված, ասելով, թե իր աչքերը տեսան Փրկչին, և հիմա ինքը կարող է խաղաղությամբ հանգչել։ Իսկ Հիսուսի տաճար մտնելու պահին  եկեղեցու արևելյան դուռը, որ շատ տարիներ գոց էր մնացել, ինչպես հիշատակված էր մարգարեություններում՝  ինքնիրեն բացվում է։ Երեկոյան այդ պահին լսելով դռան ձայնը՝ մարդիկ ջահերով դուրս են գալիս  Տիրոջն ընդառաջ։

Արդեն մի քանի տարի է՝ փետրվարի 14–ին  Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի տնօրինությամբ սուրբ պատարագ է մատուցվում, որից հետո եկեղեցիներում նորապսակների օրհնության կարգ է կատարվում։ Տոնական արարողությունները, սակայն, սկսվում են փետրվարի 13–ի երեկոյան, երբ ժամերգությունից հետո նախատոնակ է լինում՝ մոմերն են օրհնվում և կանթեղների կրակով եկեղեցիների բակերում խարույկներ են վառվում։ Սրանով ավետելով Տերունի տոնի սկիզբը՝ կատարվում է նաև Անդաստանի արարողություն, որով օրհնվում են աշխարհի չորս ծագերը։

Հիշեցնենք, սակայն, որ հայերս այս տոնը կոչում ենք Տրնդեզ և նշում ենք արդեն շատ հազարամյակներ։ Տրնդեզ բառի բացատրությունը  գտնում ենք «Ուխտագիրք Արարտյան» գրքում. սրա մի բաղադրիչը «տր», «ատր» արմատն է, որ հնդեվրոպական լեզուներում կրակ է նշանակում, և հայերենում պահպանվել է ատրուշան, ատրճանակ բառերում, ինչպես նաև  այրել բառում՝ համապատասխան հնչյունափախությամբ։  «Դեզ» բառի իմաստը որևէ հայի համար տարակուսելի չէ։ Ուրեմն «տրնդեզ» նշանակում է կրակի դեզ, շեղջ,  (այլ ոչ թե «տեառնընդառաջ» բառի աղավաղված, հնչյունափոխված տարբերակն է)։ Եվ հայերիս համար մշտապես արդիական այս տոնի խորհուրդն էլ հենց կրակն է՝ բնության չորս տարրերից մեկը, որն էլ պետք է զորացներ իր շուրջը պտտվող մարդկանց ու մանավանդ իր վրայով թռչող նորապսակներին։  

7or

Այս խորագրի վերջին նյութերը