Հարցազրույց

30.07.2012 14:31


Սարգիս Գևորգյան.

Սարգիս Գևորգյան.

Հարցազրույց ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանի հետ

Օգոստոսի 1–ին նախագահական նստավայրի առջև դուք մի շարք այլ համախոհների հետ բողոքի գործողություն եք կազմակերպելու՝  նշելով, որ Հայաստանում ստեղծված սոցիալ–տնտեսական, քաղաքական ծանր վիճակի մեղավորը նախագահ Սերժ Սարգսյանն է։ Ո՞րն է ձեր հիմնական պահանջը։

–Ակցիայի բովանդակությունը հետևյալն է. նախագահն է մեղավոր, նրանից արդարության ոչ մի ակնկալիք չունի ոչ ոք, ու մեր նպատակն է գնալ ու մեր բողոքի ձայնը բարձրացնել,  մեսիջ հղել Սերժ Սարգսյանին, ով ստեղծված իրավիճակի հովանավորն է ու ծնողը։ Ինչպես նաև՝ մեսիջ հղել քաղաքացիներին՝ ընդդեմ այս վարչակարգի՝ հանձին նրա պարագլուխ Սերժիկ Սարգսյանի, պայքարել մղելու կոչի վերաբերյալ։

–Իսկ այս գործողության շարունակությունը ո՞րն է լինելու, ի՞նչ քայլեր եք հաջորդիվ ձեռնարկելու։ 

–Մի քանի օր առաջ Ազատության հրապարակում հավաք–քննարկում եղավ, որի նպատակն էր որոշել մեր հետագա քայլերը առկա քաղաքացիական խնդիրների լուծման հետ կապված։ Հավաքին մասնակցում էին ոչ միայն ՀԱԿ–ից, այլ նաև տարբեր քաղաքացիական նախաձեռնություններից։ Այդ ժամանակ որոշեցինք այս ակցիան կազմակերպել, ու մեր հետագա քայլերն էլ նույնպես կմշակենք նույն եղանակով՝ այսօրվա բողոքի ակցիայից հետո համապատասխան քննարկման, ֆորումի ժամանակ։

–Քաղաքացիական նախաձեռնությունների ու բողոքի գործողությունների հետ կապված՝ Հայաստանում, կարծես թե, ավանդույթ է ձևավորվել, որ անցկացվող ակցիաներից հետո բողոքի ալիքը շատ արագ մարում է, և ստացվում է այնպես, որ բողոքի լուրջ ալիք՝ որպես այդպիսին, չի առաջանում, փոխարենը բողոքավորներն իրենց մեջ կուտակված բողոքի «գոլորշին» ակցիաների ժամանակ պարպում են։ Այդպես շահում են միայն իշխանությունները։ Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է անել, որ այդ բողոքի ալիքները ավելի զանգվածային բնույթ կրեն ու իրական արդյուքներ տան։

–Կարծում եմ, որ պետք չէ կաշկանդվել այն մտքից, որ բողոքի ակցիաներն ինչ–որ պահի կորցնում են իրենց թափը. պետք է վստահ լինել, որ այդ բոլոր միջոցառումները, անկախ իրենց ծավալներից, ի վերջո հանգեցնելու են այն համաժողովրդական ցասմանը, որն ի վիճակի է տապալել այս համակարգը՝ հանցավոր ռեժիմը։

–Իսկ չե՞ք կարծում, որ այդ ակցիաներն այդքան արագ են կորցնում իրենց թափն ու դադարում այն պատճառով, որ ուղղորդվում են որոշ ուժերի կողմից, որ դրանք ինքնաբուխ և, որպես այդպիսին, քաղաքացիական նախաձեռնություններ չեն։

–Որքան ես գիտեմ, այդ ակցիաները (նույն «Հարսնաքարի» կամ ՀԱԿ ակտիվիստների հետ կապված) ինքնաբուխ են եղել։

«Հարսնաքարի» դեպքում սկսեցին անընդհատ պահանջել, որ երկրի նախագահը «գա ու պատժի չար օլիգարխներին», անընդհատ նախագահին էին փորձում լիազորել լուծումը մի հարցի, որը, ըստ էության, նախագահի գործունեության շրջանակներում չպիտի լինի։ Արդյո՞ք այս հանգամանքը ինչ–որ կերպ չէր խոսում այն մասին, որ այդ ակցիաները լրիվ այլ նպատակներ են հետապնդում։

–Իհարկե, չի բացառվում այդպիսի վարկած, բայց, դե, ինձ թվում է, որ եթե նույնիսկ նման միտում եղել է, ապա հիմա այդ նախաձեռնության մասնակիցները ձեռնպահ են մնալու դրանից, որովհետև մարդիկ հասկացան, որ այս ամեն ինչի մեղավորը Սերժ Սարգսյանն է, և իրենց խնդրել, որ նա միջամտի, պատժի և այլն... Ռուբեն Հայրապետյանի մանդատը դնելն այդ թատրոնի հերթական մասն է։

Այսինքն՝ ստացվում է այնպես, որ այդ նախաձեռնությունն  ուներ զուտ քաղաքացիական արմատներ, սակայն հետո այն սկսվեց ուղղորդվե՞լ։

–Ուղղակի, ինչ–որ պահի իշխանությունները փորձեցին այդ ակցիաներն ուղղորդել իրենց «հանճարեղ» սցենարով, որ Սերժ Սարգսյանը Ռուբեն Հայրապետյանին ստիպեց մանդատը վայր դնել և այլն։ Ինչ–որ պահից իրենք փորձեցին այդ ակցիաներից հետ պահել այն մարդկանց, ովքեր դեռ չէին գիտակցում, որ այդ ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն է, և ինչ–որ չափով դա նրանց հաջողվեց. որոշ չկողմնորոշված մարդիկ, ովքեր խնդրի էությունը չէին հասկանում, մտածեցին, թե հեսա, իրոք, Սերժ Սարգսյանը բարոփոխումներ է անում։ Բայց այդ ամեն ինչը ցույց տվեց, որ ունի այլ նպատակ՝ թատրոն։

–Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց տխրահռչակ հայ–թուրքական գործընթացը, սկսեցին պահանջել ՀՀ ԱԳՆ ղեկավարի հրաժարականը, երբ երկրում արձանագրվեցին խայտառակ տնտեսական ցուցանիշներ՝ պայանջում էին հեռացնել  էկոնոմիկայի նախարարին կամ վարչապետին և այսպես շարունակ։ Այժմ կարծես թե հասել ենք այն եզրակետին, երբ մարդիկ սկսում են արձանագրել, որ գոյություն ունեցող տարատեսակ խնդիրների հիմնական ու գլխավոր մեղավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ միջոցներով է հնարավոր անել այնպես, որպեսզի այդ գիտակցումը դառնա ավելի զանգվածային, համաժողովրդական։

Կարծում եմ, այստեղ պատասխանի վերաբերյալ մարդկանց երկու խումբ կարելի է տարբերել. առաջինը նրանք են, ովքեր միտում ունեն իրական պատասխանատուից շեղել ուշադրությունը ու տեղափոխել անհատական հարթություն, իսկ մյուս մասը՝ անկեղծորեն կամ էլ ուղղակի վախենում են, խուսափում են ավելի  վճռական ու ավելի սկզբունքային պայքարից ու քննադատությունից ու չեն կապում Սերժ Սարգսյանին այս ամենի հետ։ Բայց համոզված եմ, որ այդ մարդիկ էլ շուտով գալու են այն եզրակացության, որ պետք է դուրս գալ փողոց ու պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, քանի որ ինքն է մեղավոր այս ամեն ինչի համար։ Մի քանի տարի առաջ, երբ մենք պահանջում էին՝ «Սերժիկ, հեռացի՛ր», ասում էին՝ սա ՀԱԿ–ն է հաստատ, այսինքն՝ իբր մենաշնորհել էինք այդ դաշտը և այլն, բայց հիմա այդ «Սերժիկ, հեռացի՛ր»–ի համոզմանն են եկել բազմաթիվ քաղաքացիական խմբեր, քաղաքական ուժեր կամ անհատներ, ովքեր, ըստ էության, ցույց են տալիս, որ այդ գործընթացը գնալով արագանում է։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը