Կարծիք

17.04.2012 18:03


«Սարեր շարժողները». Ժառանգությունը աջակցում է ընտրակեղծիքները

«Սարեր շարժողները». Ժառանգությունը աջակցում է ընտրակեղծիքները

«Եթե թողնենք, որ ընդդիմությունը ընտրությունները վերահսկող շտաբ ստեղծի, կքաշվենք, չենք կարա նորմալ կեղծենք ու ԱԺ-ում մեծամասնություն չենք վերցնի»,- այս մտահոգությամբ են տարված հանրապետականն ու նախագահը ու ամեն ինչ անում են, որ չորս կուսակցությունների ստորագրությամբ ստեղծվելիք ընտրությունները վերահսկող շտաբը վիժեցնեն:

Իշխանությունը կորցնելու վտանգը այնպեսի տագնապ է առաջացրել  հանրապետական երիտասարդ կարիերիստների մեջ, որ Աշոտյանը բաց հայտարարում է թե ընտրություններն վերեհասկելը կհանգեցնի բարգավաճ և դաշնակցական ռեժիմի. ֆեյսբուքում նա գրել է «Այսպես կոչված “միացյալ” շտաբի համար / ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և “Ժառանգություն” (?) / առաջարկում եմ նույնքան “միացյալ” կարգախոս “Գալիս ենք միասին կառուցելու բարգավաճ դաշնակցության ռեժիմ ”  »:

Այս խոսքի ենթատեքսը պարզ է. եթե Բարգավաճը և մյուս կուսակցությունները իրենց ուժերը մոբլիզիացնեն ու շտաբ ստեղծեն, ընտրությունները կվերահսկվեն, չենք կարող կեղծիքներ անել, եթե չկարողանանք կեղծիքներ անել, կառավարությունը ամբողջական մերը չի լինի, իսկ եթե մերը չլինի ես էլ կրթության նախարար չեմ լինի:

 

Ընտրությունները վերահսկող շտաբի շնորհիվ կլինի այն ինչ հայտարարում է Վարդան Օսկանյանը. «Խորհրդարանական այս ընտրություններով մենք պետք է կարողանանք լուծել երկու հիմնական խնդիր. Առաջին՝ խորհրդարանում փոխել քաղաքական իրավիճակը՝ վերացնել մեկ կուսակցության մենաշնորհը և հասնել քաղաքական հակակշիռների: Երկրորդ` կազմել նոր կառավարություն, որը կունենա հասարակության լայն շերտերի աջակցությունը»:

Ֆեյսբուքում Ժառանգության ցուցակը ներկայացնող  Դավիթ Սանսարայանը Աշոտյանին հանգստացնում է. «Ժառանգությունը էս տռֆսների մեջ չկա Արմեն ջան»: Ընտրությունները վերահսկելը, կեղծիքների դեմն առնելը Ժառանգության համար «տռըֆըս» է: Այսինքն` մենք ամեն ինչ կանենք որ դուք ընտրությունները կեղծեք, իսկ մեզ էլ ինչքան մտքներովդ կանցնի էնքան էլ կտանք:

Եվ անում են:

Չորս կուսակցությունների նախընտրական շտաբի ստեղծման համար դրված ստորագրությունը չչորացած Ժառանգության Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ պետք է առաջին դեմքերը ստորագրեն փաստաթուղթը: Հաշվարկը պարզ է, Բարգավաճի առաջին դեմքը` Ծառուկյանը կոալիցիայի անդամ է և չի կարողանա ստորագրել, հետևաբար շտաբն էլ չի ստեղծվի: Այսինքն Ժառանգության նպատակն է դարձել օգնել Սերժ Սարգսյանին, որ ընտրությունները վերահսկող շտաբ չստեղծվի ու կեղծիքներ լինեն: Եթե լսեին Ժառանգության պահանջը ու ստորագրեի՞ն. պարզ է, նոր պահանջ էր առաջանալու, եթե մի բան ուզում ես տապալել, ոնց էլ լինի դրա համար մի պահանջ կգտնես(պահանջի անհեթեթությունը ներկայացրեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, թե վաղն էլ կպահանջեն դաշնակցության բյուրոն ստորագրեի):

Հետո Ժառանգությունը հայտարարություն տարածեց, որ շտաբը պետք է ներառի կետ. «նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում` քվեներ ստանալու ակնկալիքով բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին»: Շտաբում գլխավոր ընտրակաշառք բաժանողը` հանրապետականը չկա, ուրեմն, այդ կետը ուղղված է Հանրապետականի հակառակորդների դեմ:  Այս կետով Ժառանգությունը միացավ իշխանության ծարագրերին, որով ոստիկանությունը աչք է փակելու հանրապետականների և Օրինացի բաժանած ընտրակաշառքին և բռնելու է այլ կուսակցությունների ընտրակաշառք բաժանողներին: Պարզ է, որ մյուս կուսակցությունները սա հասկանում են ու չեն պատրաստվելու ընտրակաշառք բաժանել, սակայն իշխանությանը անհանգստացնում է նաև Բարգավաճի բարեգործական գործուենությունը, որի դեմն առնելու համար մեջտեղ է գցվում «Ժառանգությունը»: Բայց «Ժառանգության» «բախտը» չբերեց, երեք կուսակցությունները համաձայնվեցին այդպիսի կետ մտցնել հռչակագրում: Հետո՞ ինչ հորինել:

Հերթը հասավ մարտի մեկին. Ժառանգության ցուցակի երրորդ դեմքը` Զարուհի Փոստանջյանը 1in.am կայքին տված հարցազրույցում ասում է որ 2008-ի մարտի մեկի  համար պետք է Վարդան Օսկանյանը կանգնի դատարանի առաջ: ՀԱԿ-ը, որ մարտի մեկից տուժած քաղաքական ուժն է, համագործակցում է Բարգավաճի ու Վարդան Օսկանյանի հետ, լավ հասկանալով, որ եթե թույլ տան հանրապետականին կեղծել ընտրությունները Հայաստանում քաղաքական դաշտը ուղղակի կմհանա(այս մտահագությունն է համգործակցության բերել Բարգավաճին և, մեղմ ասած,  հակառակորդ ՀԱԿ-ին ու Դաշնակցությանը, քանի որ երեքն էլ հասկանում են, որ կեղծիքներն ու հանրապետականի հաղթանակը իրենց կոչնչացնի, դուրս կնետի քաղաքականությունից: Եթե կեղծիքները կանխվեն ու հանրապետականն ու Օրինաց երկիրը(գուցե Ժառանգությունն էլ հետները) հիսուն տոկոսից քիչ ձայն հավաքեն, հանրապետականը ստիպված կլինի իրական կոալիցիոն կառավարության գնալ և չի կարող իր ուզած մարդուն վարչապետ դարձնել:

1in.am-ի  խմբագիր Արման Բաբաջանյանը մտահոգ տեսք ընդունելով հարցնում է. «Մարդ(Օսկանյանը), որն առնչություն ունի, եթե ոչ ուղղակի մեղսակցություն մարտի 1-ին, այսօր Ձեր քաղաքական ուժը այդ մարդու հետ ստորագրում է մի փաստաթուղթ, որը ընտրական գործընթացները վերահսկելու միտում ունի, մարդ, որի հետևում երևում են Ռոբերտ Քոչարյանի ականջները»:

Զարուհի Փոստանջյանը պատասխանում է.«Նախնական աշխատանքային փաստաթուղթ է, սևագիր մի տեքստ, որը դեռ պետք է հղկվի, և իմ կարծիքով` դա պետք է ստորագրվի հենց առաջին դեմքերի կողմից, որպեսզի դիտարկվի ուղղակի վերլուծություն կամ ուղղակի մի մարդու անձնական կարծիք»:

Միթե՞ Զարուհին ու Արմանը մարտի մեկի ողբերգությունով այնպես են տառապում, որ սպանությունների հետ առնչություն չունեցող, ու միայն ինչ-որ չափով քաղաքականորեն մարտի մեկին  առնչվող մեկին` Օսկանյանին չեն կարողանում հանդուրժել քաղաքական դաշտում: Այ քեզ բան, հիմա տեսնենք թե ո՞վ է ամենաշատը օգտվել մարտի մեկից. նա ով դարձել է նախագահ`  Սերժ Սարգսյանը: Ընտրությունները վերահսկող միասնական շտաբը, մասնավորապես Օսկանյանի ստորագրությունը ո՞ւմ ծրագրերին կխանգարի, ո՞ւմ կզրկի միահեծան իշխանությունից, պարզ է, մարտի մեկի վարչապետ ու մարտի մեկով նախագահ դարձած Սերժ Սարգսյանին: Ուրեմն Զարուհին ու Արմանը մարտի մեկ շահարկելով ու խանգարելով միասնական շտաբի ստեղմանը ո՞ւմ են ծառայություն մատուցում. նրան ով ամենաշատն է օգտվել մարտի մեկի ողբերգությունից:

Նաև, եթե Զարուհի Փոստանջյանի համար մարտի մեկը այդքան սկզբունքային խնդիր է, ինչպե՞ս է հանդուրժել, որ իրենց ցուցակի վեցերորդ հորիզոնականը զբաղեցնի Թևան Պողոսյանը, ով դիմադրություն էր կազմակերպում մարտի մեկի հետ կապված Հայաստանի վրա միջազգային ճնշման դեմ:

Ուրեմն, մարտի մեկի տասը զոհերի արյունը այս մարդկանց համար միայն քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելու միջոց է, այս պարագայում այդ արյունը օգտագործում են, որ հնարավորություն բացեն Հանրապետականին կեղծիքներով իշխանությանը կրկին տիրանալու համար: Ահա թե որն է Ժառանգության ցուցակի «Ուխտ Հայաստանի» հայտարարության մեջ ասված «Րաֆֆի Հովհաննիսյանի մարմնավորած էթիկական որակները»:

Այս ընտրություններում առաջին անգամ իրական հնարավորություն է առաջացել աշխատեցնելով 2005թ. սահմանդրական փոփոխությունները ստիպել նախագահին Ազգային ժողովում ընտրված այլ կուսակցությունների հետ համաձայնության գալով փոխզիջումային վարչապետ ընտրել ու կառավարություն ստեղծել (Սահմանդրությամբ նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ Կառավարության ծարգրին հավանություն է տալիս ԱԺ մեծամասնությունը) և թույլ չտալ, որ նախագահը միանձնյա վարչապետ ու կառավարություն նշանակի: Այսինքն ժողովրդավարության, միակենտրոն իշխանության տրոհման, իշխանության տարանջատման հնարավորություն է բացվել և այս հնարավությունը փորձում է տապալել Ժառանգությունը` ծառայություն մատուցելով իշխող վերնախավին:

Վահան Իշխանյան

zham.am

Այս խորագրի վերջին նյութերը