Հարցազրույց

30.03.2012 15:40


Ռուբեն Ավագյան

Ռուբեն Ավագյան

Հարցազրույց 2012թ. խորհրդարանական ընտրություններում ԱԺ համամասնական ընտրակարգով առաջադրված «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի և վարչության նախագահ, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտ.   դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանի հետ 

–Տարբեր կարծիքներ են հնչում, թե հաջորդ գումարման խորհրդարանում ընտրություններին մասնակից կուսակցություններից ով որքան տեղ կզբաղեցնի։ Բայց «Միավորված հայերի» անունը կարծես մոռացության են մատնում, անտեսում են։ Անձամբ Դուք «Միավորված հայերի»՝ խորհրդարան անցնելու շանսերը որքա՞ն եք գնահատում։ 

–Ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե որքանով է հասարակությունն իրազեկ կուսակցության գործունեությանը և համամասնական ցուցակում ընդգրկված անձանց։ Ինչ վերաբերում է կուսակցությանը հիշելուն, ապա նշեմ, որ մենք մեր գործունեությունը չենք դադարեցրել 2003–ից. մեր ծրագրերը, մեր գաղափարախոսությունը 2000–ից կայքերի միջոցով, իսկ 2003–ից նաև «Միավորված հայեր» պաշտոնական շաբաթաթերթի միջոցով պարբերաբար ներկայացրել ենք հանրությանը։ Մեր ընտրողները նրանք են, ովքեր ցանկանում են վերադարձնել իշխանությունը ժողովրդին, ովքեր մտածում են իրենց և իրենց երեխաների ապագայի մասին, ովքեր ցանկանում են ունենալ իրապե՛ս ընտրած իշխանություն, ովքեր չեն կորցրել իրենց հավատը մեր սրբազան ծեսերի երկիր Հայաստանի հանդեպ։ Եթե մենք՝ որպես երրորդ ուժ, կարողանանք բացատրել մեր ընտրողներին սա, իհա՛րկե, մենք մեծ շանսեր ունենք։ 

–Բայց Ձեր նշած այդ նույն նպատակների մասին մյուս բոլոր կուսակցություններն էլ են հայտարարում։ Անգամ Հանրապետական կուսակցությունը, ով նույնիսկ կոչ է անում՝ «Հավատանք, որ փոխվենք»։ 

–Մենք քաղաքական դաշտը բաժանում ենք երեք ուժերի՝ ընդդիմադիր՝ մեր անցյալը (եթե նայեք ընտրացուցակներին, կհամոզվեք), պետականամետ, որը ծառայում է իրավունքի գերակայությանը, և դա մեր ազգի ապագան է, և իշխանամետ՝ մեր ներկան։ «Միավորված հայեր» կուսակցությունը երրորդ ուժ է՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ է, այլ պետականամետ է։ Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել ճշմարիտ սոցիալ–իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ կգործի իրավունքի գերակայությունը, և բոլորս հավասար կլինենք օրենքի առաջ։ Որտեղ կպաշտպանվեն մարդու իրավունքները, իսկ ուժի օրենքը և փողի իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրսների հետ կզիջեն իրենց տեղը ազգին ծառայող օրենքի ուժին։ Իսկ դա հնարավոր է մեկ դեպքում՝ եթե մենք վերականգնենք ժողովրդի հավատն իր ապագայի, պետության, իշխանության հանդեպ։ Մի խոսքով, «Միավորված հայեր» կուսակցությունը սպասում է, որ իշխանությունը վերադառնա ժողովրդին ազատ, անկախ և թափանցիկ ընտրությունների միջոցով։ Այսօր իշխանությունը գտնվում է օլիգարխների, պլուտոկրատների կրունկների ներքո։ Այսօր երկրում օրենքը չի գործում, իսկ այդ դեպքում երկիրը չունի ապագա։ 

–Դե, ՀՀԿ–ն էլ հենց դրանք մատնանշելով՝ ասում է՝ «Հավատանք, որ փոխվենք»։ 

–Հավատալ պետք չէ. պետք է լինել պետականամետ։ Կուսակցություններն ասում են՝ մեր խոսքը մեր գործն է։ Բայց իրականում եթե նրանք պետականամետ են և ծառայում են ազգի շահին, էլ ինչի՞ են փոխվում, ինչի՞ են կոչ անում՝ հավատանք և այլն։ Մենք առաջարկում ենք, որ պատրաստ ենք համագործակցել և՛ ընդդիմադիր, և՛ իշխանամետ ուժերի հետ հանո՛ւն ժողովրդի շահի։ Այո՛, բոլորը հայտարարում են, բայց երկիրը դատարկվում է, ժողովուրդը կորցրել է հավատը։ Պետք է վերականգնել այն։ Ժողովուրդը պետք է հավատա՛ իր իշխանությանը, իր անցյալին, ապագային, իր երեխայի ապագային։ Եթե հավատը չկա, մենք կյանքում ճշմարիտ սոցիալ–իրավական պետություն չենք ստեղծի։ Ճիշտ է, իրենք կոչ են անում հավատալ, բայց խոսքից պետք է անցնել գործի։ Նախագահը հայտարարում է, որ ժողովուրդն արդարություն է պահանջում, վարչապետն ասում է՝ կուժեղացնենք պայքարն օլիգարխների դեմ։ Այո՛, մենք այդ կարգախոսների կողքին ենք, բայց խոսքից պետք է գործի անցնել և կոնկրետ քայլեր անել, վերականգնել ժողովրդի հավատն, ու իշխանության գա ժողովուրդը։ Այսօր իշխանությունը մեծահարուստների ձեռքում է։

–Ձեր համամասնական ցուցակը մյուս կուսակցությունների ցուցակներից ինչո՞վ է տարբերվում։ 

–Երբ մեր կուսակցության ցուցակը կազմում էինք, ղեկավարվում էինք ոչ թե քանակով, այլ որակով։ Մենք իրատես ենք, ուստի ցուցակում ընդգրկել ենք գիտնականների, իրավաբանների, տնտեսագետների, կանանց՝ մոտ 40%։ Մենք հստակ գիտակցում ենք, որ Ազգային ժողովն օրենսդիր մարմին է, և այնտեղ պետք է օրենքների նախագծեր պատրաստել, օրենքներ ընդունել և այլն։ Ու այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալները։ Մեր ցուցակի 60%–ը և ավելին իրավաբաններ են։ ԱԺ–ն ո՛չ երգահանների տեղն է, ո՛չ երգիչների, ո՛չ նախկին դատվածների, ո՛չ օլիգարխների. ԱԺ–ն պրոֆեսիոնալների տեղն է։ Այս իմաստով մեր ցուցակը հստակ ապացուցում է, որ մենք ԱԺ–ում կզբաղվենք կոնկրետ օրենսդրությամբ։ 

–Օրինակ՝ կոնկրետ Վիկտոր Դալլաքյանի, Արտաշես Գեղամյանի, և այլոց՝ ժամանակին ՀՀԿ–ի և Սերժ Սարգսյանի հասցեին կոպիտ արտահայտություններ արած մարդկանց ընդգրկումը ՀՀԿ ինչպե՞ս եք գնահատում։

–Ես չեմ ուզում անդրադառնալ ազգանուններին, միայն պետք է  ասեմ, որ «Միավորված հայեր» կուսակցությունը պետականամետ երրորդ ուժ է, և մեզ համար քաղաքական դաշտն այսօր ազատ է։ Իսկ եթե հիշում եք, նույն պատգամավորները հայտարարում էին, որ իրենք անկախ են, ընդդիմություն են, պետականամետ են, երրորդ ուժ են։ Եվ այն ուժերը, որոնք իրենց համարում էին երրորդ կամ անկախ ուժ, այսօր գտնվում են կա՛մ իշխանամետների ցուցակում, կա՛մ ընդդիմության դաշտում։ Այսօր նաև ոչ մի կուսակցություն չկա, որ իր ծրագրում հստակ կանոնակարգի, որ երրորդ ուժ է։ Ինչ վերաբերում է ազգանուններին, ապա թերևս արդեն պարզ դարձավ, որ ես դրական չեմ գնահատում։ Ի դեպ, ձեր կայքում տեղադրված էր նաև «Միավորված հայերի» կարգախոսի ձեր տարբերակը՝  (կարգախոսների հումորային տարբերակը–հեղ.) «Մենք քիչ ենք, բայց դե էս ա», բայց ես այլ կարգախոս կասեի՝ «Մենք քիչ ենք, բայց մեզ ոչ ոքից չենք գերադասում»։ Իսկ իրականում մեր կուսակցությունն իր ծրագրում 4 կարգախոս ունի՝ «Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր», «Ճշմարիտ սոցիալ–իրավական պետություն և իրավունքի գերակայություն», «Կյանքի կոչենք ազգին ծառայող օրենքի գերիշխանությունը», «Հայե՛ր, միացե՛ք իրավական երկրում»։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը