Լրահոս

17.02.2012 10:32


Բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին

Բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին

Անցյալ տարվա դեկտեմբերին ՀՀ Ազգային Ժողովը Հայաստանի Հանրապետության Փաստաբանության մասին օրենքում (հոդված 5) և ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածում կատարեց փոփոխություններ: Նշված փոփոխությունները հանրապետությունում ստեղծել են մի իրավիճակ, երբ բազմաթիվ փորձառու իրավաբաններ, որոնք տարիներ շարունակ դատարաններում պաշտպանել են իրենց վստահորդների իրավունքները և օրինական շահերը, հայտնվել են օրենքից դուրս կարգավիճակում: Բացի այդ, նոր փոփոխություններով օրենքն ասում է, որ բազմաթիվ տարիներ դատարաններում գործնականորեն թրծված իրավաբանը այսուհետ դատարանում անելիք չունի` համարվում է անպիտան, իսկ նրանց փոխարեն քաղաքացուն պարտադրվում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը վստահել արտոնագրված փաստաբաններին, առանց հաշվի առնելու նրանց դատական ներկայացուցչության գործնական հմտությունը: Այս փոփոխություններով օրենքը քաղաքացուն ասում է, որ այլևս բոլոր փատաբանները համարվում են հմուտ և փորձառու, և նա պարտավոր է վստահել նրանց: Այնինչ օրենքը պետք է դասակարգեր փաստաբանական արտոնագիր չունեցող իրավաբաններին, այն է` հնարավորություն տար փարձառու և դատական ներկայացուցչության մեծ պրակտիկա ունեցողներին նույնպես արտոնագրվելու և համալրելու փաստաբանների շարքերը: Հակառակ դեպքում, սույն փոփոխություններով իրավաբանի մասնագիտությունը, փորձը և հմտությունը, նրանց նշանակությունը հասարակական կյանքում արժեզրկվում է: Ստացվում է, որ նույն հմուտ իրավաբանը ակամա դառնում է թուղթ մրող, չնայած այդ խղճուկ պատիվն էլ կասկածի տակ է դրված, քանի որ ընդունված փոփոխությամբ այսուհետ ամենապարզունակ իրավաբանական գործառույթը համարվում է փաստաբանական գործունեություն: Նշված փոփխությունների հետևանքով իրավաբանը որևիցե մեկին մասնագիտական խորհրդատվություն տալու համար պարտավոր է ընդունվել փաստաբանական դպրոց, ավարտել այն, հանձնել համապատասխան քննություններ, ստանալ փաստաբանի արտոնագիր և դրանից հետո նոր խորհրդատվություն տալ:

Նշված փոփոխությունները առաջացրել են խնդիրներ, որոնք սոցիալական նշանակություն ունեն: Մասնավորապես. այսուհետ բազմաթիվ իրավաբանական գրասենյակներ կանգնել են լուծարման եզրին, դրանով իսկ ստիպելով բազմաթիվ փոռձառու իրավաբանների կանգնել հացի խնդրի հայթայթման, իսկ իրավաբանական գրասենյակներին` գոծունեությունը դադարեցնելու առջև, թողնելով իր մոտ աշխատող փորձառու իրավաբաներին առանց եկամտի աղբյուրի, իսկ պետությանը առանց հարկատուի:
Պետությունը նման քայլի գնալուց առաջ պետք է գոնե նախազգուշական քայլեր իրականացներ և կազմակերպեր համապատասխան հասարակական քննարկումներ, այլ ոչ թե կանգնեցներ բազմաթիվ մարդկանց փաստի առաջ:
Չնայած այս ամենին դեռևս ուշ չէ իրադրությունը շտկել, պայքարելով նշված փոփոխությունների դեմ, հետևաբար, բոլոր փորձառու իրավաբաններին, որոնք սիրում են իրենց մասնագիտությունը, որոնք տարիներ շարունակ դատարաններում ներկայացրել են իրենց վստահորդներին, պաշտպանելով նրանց իրավունքները և օրինական շահերը առաջարկում ենք միանալ, համախմբվել և պայքարել այս փափախությունների դեմ:
Մենք մի խումբ փորձառու իրավաբաններ հայտարարում ենք բոլոր շահագրգիռ անձանց հավաք:
Մենք նաև ախաձեռնել ենք ստորագրահավաք ընդդեմ նշված փոփոխությունների: Նախապատրաստվել է նաև ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակ, որի բովանդակությունը շուտով կզետեղվի սույն խմբի հայտարարություններում: Բոլորին ովքեր ցանկանում են միանալ մեզ, պայքարեն անարդարության դեմ, ինչպես նաև ստորագրեն Նախագահին ուղղված նամակի տակ առաջարկում ենք արձագանքել սույն հայտարարությանը:
«Իրավաբաններն ընդդեմ Փաստաբանության մասին օրենքում կատարված փոփխոխությունների»  նախաձեռնողական խումբ

Այս խորագրի վերջին նյութերը