Տնտեսական

11.02.2012 11:21


Տիգրան Սարսգսյանի տեսակետը քաղաքացու մոտ հարցեր է առաջացրել. պատասխան չկա

Տիգրան Սարսգսյանի տեսակետը քաղաքացու մոտ հարցեր է առաջացրել. պատասխան չկա

«Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի և ԲՀԿ կողմից դրա բոյկոտի մասին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հնչեցրած տեսակետը ֆեյսբուքյան օգտատերերից Արտակ Իգիթյանի մոտ մի շարք հարցեր է առաջացրել, որոնք նա գրել է վարչապետի՝ «Ֆեյսբուքի» էջում։

«Ձեր խոսքերով՝ եթե ՀՀ քաղաքացին խանութից ձեռք է բերում կահույք, որի արժեքը 3 միլիոն դրամից բարձր է, ապա նա պարտավոր է այդ կահույքը ձեռք բերել անկանխիկ, որպեսզի հետագայում հնարավոր լինի վերահսկել այդ գործարքից ստացված եկամուտը։
Օրենքի նախագծի 4-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2012 թվականի հուլիսի 1-ից անկանխիկ ձեւով պետք է իրականացվեն՝

1)քաղաքացիների միջեւ ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գործարքների վճարումները եւ վճարների ստացումը:

2)կազմակերպությունների միջեւ, ինչպես նաեւ կազմակերպությունների եւ քաղաքացիների միջեւ 3 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը (ստացումը), բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատնային գործունեություն իրականացնող անձանց, ինչպես նաեւ լիցենզիայի հիման վրա վարկեր եւ փոխառություններ տրամադրելու իրավունք ունեցող անձանց կողմից տրամադրվող փոխառությունների:

Հարց 1 - Խանութից կահույք ձեռք բերելը քաղաքացիների միջև գործարք է թե՞ կազմակերպության տված փոխառություն:

Ձեր խոսքերով՝ այն պատճառաբանությունները, որ սա ուղղված է ֆինանսական համակարգի հարստացմանը, բանկերի հարստացմանը, բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, հակառակը, այս օրենքը բեռ է դնում բանկերի վրա, որովհետեւ պարտադրում է բանկերին, որ նրանք իրենց սեփական միջոցների հաշվին տեղադրեն տերմինալներ եւ այդ սպասարկումը իրականացնեն անվճար։

Կառավարության ներկայացրած օրենքի ընդունումը հիմնավորող նպատակներում նշված է՝ մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաեւ բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաեւ անձանց կողմից պահանջվող եւ բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ` վարկերի, օվերդրաֆտների տրամադրում եւ այլն):

Հարց 2- Ճի՞շտ եմ հասկանում, որ, ըստ Ձեզ, իրականությանը չի համապատասխանում նաև Ձեր կառավարության ներկայացրած հիմնավորումը:
Հարց 3 - Ո՞ր կետով է օրենքում պարտադրվում բանկերին անվճար տերմինալներ տեղադրել և/կամ անվճար սպասարկել վճարումները:
Հարց 4 - Քաղաքացիների միջև խոշոր գործարքները դա մեքենայի, անշարժ գույքի գործարքներն են, որոնք ցանկացած դեպքում գրանցվում են: Ի՞նչ ստվերայնության ռիսկ եք տեսնում, որը կարելի է լուծել այս օրենքով»,–ՀՀ վարչապետին գրել է ֆեյսբուքյան օգտատերը:

Նրա այս հարցերին Տիգրան Սարգսյանն այդպես էլ չի պատասխանել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը