Լրահոս

10.02.2012 13:03


Վահան Շիրխանյան. «Բանակի ներգրավումը արտակարգ դրության գործողություններում, առավել ևս Հայաստանի պայմաններում, ես գտնում եմ ոչ անհրաժեշտ»

Վահան Շիրխանյան. «Բանակի ներգրավումը արտակարգ դրության գործողություններում, առավել ևս Հայաստանի պայմաններում, ես գտնում եմ ոչ անհրաժեշտ»

Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԱԺ–ում քննարկվող  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի նախագծին։ Շիրխանյանը նշել է, որ արտակարգ իրավիճակի ռեժիմին անցնելու փորձը կիրառվում է ամբողջ աշխարհում, և Հայաստանում էլ պետք է լինի համապատասխան օրենք, չնայած որ այն ասոցացվում է 2008թ. մարտի 1-ի դեպքերի հետ (այդ դեպքերի կրկնությունը այս խորհրդարանական ընտրություններից հետո Շիրխանյանը քիչ հավանական է համարում)։

Ըստ բանախոսի՝ բանակը, սակայն, չպետք է օգտագործվի արտակարգ իրավիճակի դեպքում դրությունը կայունացնելու համար.

–Կարծում եմ, որ ՀՀ ներքին զորքերը և անվտանգության ուժերը լիովին բավարար են երկրում կայունությունը պահպանելու համար։ Բանակի ներգրավումը արտակարգ դրության գործողություններում, առավել ևս Հայաստանի պայմաններում, ես գտնում եմ ոչ անհրաժեշտ։ Ընդհակառակը, արտակարգ դրության ժամանակ բանակը պետք է շատ ավելի զգոն լինի պետական սահմանների վրա։ Ուզում եմ՝ այդ օրենքը լինի, բայց երբեք չկիրառվի։

Շիրխանյանը նշել է, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ կարող է ստեղծվել երկու դեպքում՝ սոցիալական խնդիրների պատճառներով և եթե Ղարաբաղի հարցում լինի ոչ հայանպաստ լուծում։

–Բայց ղարաբաղյան խնդրում կմտցվի ոչ թե արտակարգ դրություն, այլ ռազմական։ Այսինքն՝ մնում է միայն սոցիալական ասպեկտը, որը կարելի է հանել միայն աշխատանքով,–ավելացրել է Շիրխանյանը։

Նշենք, որ ԱԺ–ում քննարկվող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքը ենթադրում է բանակը ներգրավել դրության կայունացման գործում, եթե անվտանգության ուժերը չեն կարողանում կարգավորել իրավիճակը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը