Կարծիք

26.11.2014 18:28


ՀՀԿ-ական պաշտպաններին փոխարինելու են եկել քողարկված իշխանականները

ՀՀԿ-ական պաշտպաններին փոխարինելու են եկել քողարկված իշխանականները

Ինչպես արդեն բազմիցս համոզվել ենք, երբ իշխանությունների համար «անընդունելի» գործընթաց է հասունանում, միանգամից ակտիվանում են իշխանական խոսափողները։ Սակայն երբ գործը հասնում է «դիվանբաշուն», երբ կրքերը քաղաքական դաշտում ավելի են բորբոքվում, վերոնշյալ իշխանական խոսափողներին փոխարինելու են գալիս կեղծ ընդդիմադիրները, որոնք հանդես են գալիս որպես ընդդիմության ընդդիմություն։

Թերևս հարկ է նշել, որ կլասիկ քաղաքականության մեջ գոյություն չունի նման կատեգորիա. դա ուղղակի իշխանության կողմից աճեցված կեղծ ընդդիմադիրներն են, որոնք հարկ եղած դեպքում լծվում են գործի իրենց «առաքելությունը» պատվով կատարելու համար։ Այս շարքին է պատկանում նաև բոլորին քաջ հայտնի «ընդդիմադիր» Նիկոլ Փաշինյանը, որն աչքի է ընկել դեռևս վերահսկիչ պալատի կողմից վերհանած աղմկահարույց բացահայտումների ֆոնին ամպագոռգոռ հայտարարություններով և վերահսկիչ պալատի նախագահի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով։ Պատմությունը կրկնվում է, և այս անգամ Նիկոլ Փաշինյանը լծվել է ոչիշխանական ուժերին փնովելու գործին, և այդ է պատճառը, որ շրջանառության մեջ է դրել նախագահի պաշտոնանկության վերաբերյալ իմիտացիոն «օպերացիան»։
Ստացվում է այնպես, որ իշխանությունների ՀՀԿ-ական պաշտպաններին, ինչպիսիք են Էդուարդ Շարմազանովը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Ավագյանը և այլք, փոխարինելու են եկել Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, Ստյոպա Սաֆարյանը և մի շարք այլ կեղծ ընդդիմադիրներ։
Ցավով պետք է նշենք, որ նման տեմպերով շարունակելու դեպքում նիկոլփաշինյանները Էդուարդշարմազանովներին կթողնեն անգործ։

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը