Հարցազրույց

01.03.2012 16:20


Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյան

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հետ

–Ինչպե՞ս կբնութագրեք այսօր խորհրդարանի կողմից «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» լրամշակված օրինագիծը մի կերպ ընդունելը։

–Սա մի բանի մասին է վկայում՝ այս իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ–ի, երբ զգան, որ վտանգված է իրենց գոյությունը, ծալելու են, փակելու են Սահմանադրությունն էլ, օրենքն էլ, դնելու են մի կողմ և անելու են այն, ինչ անում են, այսինքն՝ բեսպրեդել։ Այլ անուն չես կարող տալ, որովհետև այսօր ԱԺ նախագահը կանոնակարգ օրենքի դրույթների խախտման բացառիկ ռեկորդ սահմանեց, երբ փորձեց անգամ մեր հորդորներին հակառակ՝ ամբիոնի մոտ հրավիրել մեկին, ով հարցի զեկուցողը չէ։ Իսկ երբ Նիկոյանին ասում ես դրա մասին, նա շարունակում է, ասում է՝ չէ՛, նա՛ պիտի խոսի։ Հետո ինքը շատ լավ գիտի, որ այս օրենքի փաթեթում վարչապետն իրեն նամակ է գրել և ասել, որ հարցը ԱԺ–ում ներկայացնելու է Հրա՛յր Թովմասյանը, այլ ոչ թե մեկ ուրիշը, իսկ ես չեմ կարծում, որ Սամվել Նիկոյանը չի ճանաչում Հրայր Թովմասյանին կամ շփոթում է նրան։ Նիկոյանը նաև գիտի, որ ամեն քվեարկությունից առաջ և հետո նույն պատգամավորը կարո՛ղ է երկու անգամ վարման կարգով ձայն խնդրել, ըստ որում՝ ոչ միայն քվեարկությունից առաջ և հետո, այլ նաև երկրորդ հարցի քննարկումից առաջ և հետո, բայց չորս անգամ խախտում է «Ժառանգության» ներկայացուցչի ձայն խնդրելու իրավունքը, ժամանակ է ձգում՝ քվեարկություն չկազմակերպելով հայտարարված ընդմիջումից անմիջապես հետո։ Նիկոյանը նաև Հատուկ քննչական ծառայության ուղարկած գրության հիման վրա խաղի կանոն է սահմանել և ասել է, որ ընդդիմությունը թող պահանջի վահանակը պահպանել ու վահանակի և պատկերի համադրությամբ ցուցանի, թե ով ում փոխարեն է քվեարկել, բայց նեղվում է, թե ինչու է ընդդիմությունը կանգնել շարքերում, իսկ ինքը «հումանիտար կարիդոր» է բացում, որպեսզի պատգամավորները գնան, և ընդդիմությունը չկարողանա համադրել։ Սա ուղղակի անուն չունի, և այսքանից հետո խոսել բարոյականության մասին չի նշանակում լինել բարոյական, խոսել օրինավորության մասին չի նշանակում լինել օրինավոր, խոսել օրենքի և մարդկանց հարգելու մասին չի նշանակում լինել այդպիսին, խոսել առաքինությունից չի նշանակում լինել առաքինի։

–ՀՀԿ–ն քսան րոպե ընդմիջումն ինչո՞ւ վերցրեց՝ պատգամավորների, նույնն է, թե քվորումի պակասի խնդի՞ր ունեին։

–Ակնհայտորեն, որովհետև 81 պատգամավորի գրանցումն արդեն նշանակում էր, որ խնդիր կարող էր առաջանալ վիճահարույց օրինագծի ժամանակ։ Իրենք առավոտից, գրանցման ցուցանիշները տեսնելով, հասկացան, որ կարող են խնդիր ունենալ, եթե խորհրդարանական ընդդիմությունն անցանկալի օրինագծին չքվեարկի և տապալի։

–ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի պահվա՞ծքը ինչպես եք գնահատում, որ Ձեզ հրամայեց՝ խելո՛ք մնա, նստի՛ տեղդ։

–Շատ վատ։ Պիտի հրապարակային ասեմ՝ չե՛մ կարող ավելին պահանջել մարդկանցից, ովքեր ի վիճակի չեն ավելին տալու։ Չեմ կարող մարդկանցից պահանջել դաստիարակություն, բարեկրթություն, եթե նրանց դաստիարակողը չի եղել ընտանիքը, արժեքային համակարգը, այլ եղել է իր կուսակցությունը, իր ավագ կուսակցականների օրինակը։ Չե՛մ կարող։ Սրտիս շատ մոտ չեմ ընդունում, անկեղծ ասեմ։ Ու չեմ կարող ավելին պահանջել, որովհետև ի վիճակի չեն ավելին տալու, ավելին ապահովելու, ավելի բարձր քաղաքական մշակույթ ցուցաբերելու։ Այն, ինչ ես պիտի ասեի Շարմազանովին, ես ասացի իրեն՝ դու իրավունք չունե՛ս միջամտես ու ինձ ասես, թե ես ինչպես կառուցեմ իմ ելույթը։

Թե դա ինչքան կհուզի նրա ներքին հոգեկան աշխարհը, ինձ չի հետաքրքրում։

–Վաղը «Ժառանգություն» կուսակցության համագումարն է։ Ինչ–որ բեկումնային զարգացումներ սպասե՞նք։

–Համագումարը լինելու է ձևի, բովանդակության առումով շատ հետաքրքիր, դինամիկ, թե՛ ելույթների, թե՛ նաև բանաձևի առումով շատ ինքնատիպ կլինի և, վերջին հաշվով, կտա այն հարցերի պատասխանը, որոնք այս վերջին շրջանում անընդհատ ուղղում էին մեզ լրագրողները՝ ինչպե՞ս ենք մասնակցելու ընտրություններին։

–Խոսքը նաև «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակով գնալո՞ւ մասին է։

–Համագումարի բանաձևը քանի որ պետք է ընդունվի համագումարի կողմից, և այս պահին, եթե անգամ ես տեղյակ էլ լինեմ նախագծին, ճիշտ չէ հրապարակելը, որովհետև այն ընդունված փաստաթուղթ չէ։ Բանաձևը տալիս է այն հարցերի պատասխանը, որոնք պիտի տանք ընտրություններից առաջ՝ ի՞նչ իրավիճակում ենք գտնվում Հայաստանով և մեր կուսակցությամբ, ի՞նչ ենք ուզում անել, ո՞րն է մեր հայտը, ի՞նչ հավակնություններ ունենք, ի՞նչ ենք պատրաստվում անել և ի՞նչ ուղենիշերի ու շրջանակների հետ միասին։ Այս հարցերի պատասխանն անպայման կլինի վաղը։  

–ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, որ իրենց համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, նորանկախ պատմության մեջ առաջին անգամ է, որ երկրի գործող նախագահը խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակն է գլխավորում։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այսպիսի որոշում կայացրեց։

–Իրոք, աննախադեպ է և աննախադեպ հետևանք կարող է ունենալ։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ն հայտ են ներկայացրել հաջորդ նախագահության համար և այս ընտրություններում միգուցե իսկապես իրենց համար պարզեն՝ միգուցե հրաժարվո՞ւմ են այդ հայտից։ Սա, իրոք, մի տեսակ  դառնում է վստահության հանրաքվեի նման մի բան։ Եվ քանի որ երկու տարի առաջ արդեն սկսել են կոալիցիոն հուշագրերով ինքնաառաջադրվել թե՛ նախահագի համար, հիմա էլ նաև թե՛ պատգամավոր դառնալու համար, թող սա լինի իրենց վստահության հանրաքվեն, և թող հասարակությունը ճի՛շտ ընկալի մեսիջը և ճի՛շտ հասկացնի Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ–ին՝ արդյոք ևս հինգ տարի նրան ուզո՞ւմ է տեսնել իշխանությունում և նախագահությունում, թե՞ ոչ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը