Կարծիք

07.11.2011 13:48


Սպարտակ Մելիքյան. «Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանն արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը»

Սպարտակ Մելիքյան. «Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանն արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը»

«Ս.թ. հոկտեմբերի 4-ին Ազգային Ժողովի քառօրյա նիստի հայտարարությունների ժամին, առաջնորդվելով ԱԺ կանոնակարգով, նաև հիմք ընդունելով քաղաքացիներից ստացված համապատասխան բազմաթիվ ահազանգերը, ես իմ ելույթում անկեղծ մտահոգություն էի հայտնել ՀՀ դատական համակարգում տիրող որոշ խիստ մտահոգիչ իրողությունների վերաբերյալ` դրանք որակելով որպես մեր երկրի և ժողովրդի ապագան վտանգող երևույթներ: Իբրև հիմնավորում` ես հասցեական քննադատություն էի ուղղել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և նույն դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին` կոնկրետ ընդգծելով, որ ՀՀ դատական համակարգի կոռուպցիոն լծակներն իրենց ձեռքում կենտրոնացրած սույն պաշտոնյաների անձնական շահադիտությամբ և կոնկրետ հրահանգով են կայացվում գրեթե բոլոր դատական որոշումներն ու վճիռները, որ նաև այդպիսով շարքային դատավորների մեծամասնությունն այսօր զրկված է որևէ ինքնուրույն, արդար վճիռ կայացնելու հնարավորությունից, իսկ չենթարկվողները պարզապես հեռացվում են աշխատանքից…

Նույն օրը ԶԼՄ-ներն անդրադարձան իմ հայտարարությանը, հետո, բնականաբար, իրար հաջորդեցին տարաբնույթ մեկնաբանություններն ու վերլուծականները: Տրամաբանորեն` պետք է չուշանային նաև անձամբ պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի պաշտոնական արձագանքները` ԱԺ ամբիոնից պաշտոնապես, անձամբ իրենց հասցեագրված իմ քննադատության առնչությամբ: Սակայն նրանցից որևէ կոնկրետ, պաշտոնական պատասխան չի ստացվել մինչ օրս, թեպետ` նոյեմբերի 4-ին լրացել է նման դեպքերի համար օրենքով սահմանված 1-ամսյա ժամկետը` ինձ պատասխանատվության կանչելու առումով:

Միաժամանակ հարկ է հատուկ շեշտել, որ ակնկալվող պատասխանների փոխարեն, իմ ելույթից երկու օր անց` ս.թ. հոկտեմբերի 6-ին, անշուշտ, պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի գիտությամբ, ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղվել, ապա տպագիր և էլեկտրոնային մամուլում վերատպվել է մի երկիմաստ, գրեթե տարօրինակ գրություն, որը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է ընկալել որպես անձամբ պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի պաշտոնական, կոմպետենտ պատասխանն` իմ հնչեցրած քննադատությանը: Այն, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան բարձրաստիճան պաշտոնյաների ոչ կոմպետենտության, հոռի ինքնավստահության, պաշտոնական և զուտ մարդկային վարքականոններից ի սպառ անտեղյակության և …սեփական մեղքերի ակամա, անուղղակի խոստովանության մի §օրինակելի¦ նմուշ:

Նախ, դատելով ամենից, հիշյալ կայք-էջում զետեղված գրության տեքստը անձամբ չեն հեղինակել պարոնայք Ա. Մկրտումյանն ու Դ. Ավետիսյանը. նյութին կից պարզապես չկա նրանցից որևէ մեկի անուն-ազգանունը: Ասել կուզի` խուսափելով հանվանե ներկայանալուց, պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը այդպիսով ուղղակի մանկամտորեն փորձել են իրենց §վրայից գցել¦-հեռացնել կոնկրետ իրենց հասցեագրված քննադատությունը, և, խեղաթյուրելով իրականությունը, այդ քննադատության սլաքը, հնարավորինս աննկատ, թեքել դեպի ՀՀ դատական ողջ համակարգը: Զուր ջանքեր. իմ ելույթը գեթ մեկ անգամ լսած կամ ընթերցած յուրաքանչյուր ոք կհաստատի, որ քննադատությանս թիրախ է եղել ոչ թե ՀՀ դատական համակարգը` իր հիմնականում բարեխիղճ և արհեստավարժ դատավորներով ու այլ աշխատակիցներով հանդերձ, այլև` բացառապես այդ համակարգը բռնազավթած Մկրտումյան-Ավետիսյան խայտառակ տանդեմը: Ավելին, այդ առումով ես հատուկ շեշտել եմ, որ հենց նրանց քմահաճույքով են համակարգից հեռացվել և հեռացվում իսկապես բարեխիղճ, ազնիվ և արհեստավարժ բազմաթիվ դատավորներ:

Հաջորդը: Ցանկացած անկողմնակալ ընթերցող կհաստատի, որ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայք-էջում զետեղված գրությունը, բովանդակային առումով որևէ, նույնիսկ` հեռակա աղերս չունի ԱԺ ամբիոնից իմ հնչեցրած քննադատության հետ: Մատնանշված լրջագույն խախտումներին կամ բացթողումներին անդրադառնալու, ասվածը հերքելու փոխարեն, հոդվածագիրը, գրության իրական պատվիրատուների հրահանգով, անհասկանալի հետևողականությամբ շարադրել է ինձ վերաբերող, ներկայումս դեռ ընթացող դատական գործի մանրամասները: Իրականում ի±նչ նպատակ է այդ քայլով հետապնդել հեղինակը` ցույց կտա ժամանակը: Սակայն առաջին հայացքից թերևս այն տպավորությունն է ստեղծվում, որ այդ հիրավի ցինիկ §հնարքով¦ նա փորձել է հենց ի սկզբանե շրջանցել, մոռացության մատնել պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի կամայականությունների և ապօրինությունների թեման, ապա անցնելով §հակահարձակման¦` իմ նկատմամբ գործադրել հոգեբանական ճնշման տխրահռչակ, էժանագին մեթոդներից մեկը, երբ, պաշտպանության լավագույն ձև է դառնում նախահարձակումը: Ասվածի լավագույն ապացույցն է գրության մեջ տեղ գտած ակնհայտ անհեթեթ, բայց միաժամանակ սպառնալից այս միտքը. §Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու նպատակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատությանն ուղղված միջամտություն է¦: Համաձայնենք` սրանից լավ ինքնաբացահայտում կամ ինքնախոստովանություն դժվար է պատկերացնել. քիչ է, որ սույն մտքի` անտակտության սահմանն անցած հեղինակը իմ ` Ազգային ժողովի պատգամավորիս, արտահայտած անկեղծ մտահոգությունները, որտեղ ակնարկ անգամ չկա ինձ վերաբերող վերոհիշյալ դատական գործի մասին, որակում է §կարծեցյալ¦, նա նաև իրեն, դարձյալ իր շեֆերի դրդմամբ, իրավունք է վերապահում անհիմն կերպով ինձ ամբաստանել դատարանի վրա իբր ճնշում գործադրելու համար: Ավելին, ուղղակի սպառնում է ՀՀ քրեական օրենսգրքի 332–րդ հոդվածով` հավանաբար հույս փայփայելով, թե իբր այսուհետ կգերադասեմ լռել կամ գոնե մեղմել իմ քննադատությունը պարոնայք Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի նկատմամբ…

Այսքանից հետո կարելի է միայն եզրակացնել, որ գրության հեղինակը, կամ ավելի ճիշտ` նրա թիկունքում վարպետորեն թաքնված պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը, իրենց ամոթալի վարքագծով և հայ պաշտոնյայի պատիվն արատավորող աշխատաոճով արդեն իսկ հաստատում են իմ հնչեցրած քննադատության իսկությունը:

Ասվածն ամփոփելուց առաջ, հարկ է նաև հնարավորինս հակիրճ անդրադառնալ պատգամավորական աշխատավարձս Ա. Մկրտումյանին փոխանցելու մասին` ԱԺ նախագահին ուղղված իմ խնդրանքին, որի բուն էությունը խեղաթյուրելու համար ևս, պարզվում է, ջանք ու եռանդ չեն խնայել պարոնայք Ա. Մկրտումյանը և Դ. Ավետիսյանը: Այսպես: Բարոյականություն բառը առաջին անգամ հավանաբար հեռուստասերիալներից լսած սույն պարոնները, վերոհիշյալ գրության մեջ, գրեթե բացահայտորեն ստանձնելով ինձ վերաբերող դատական գործով պատասխանող կողմի շահերի պաշտպանությունը, փորձել են, միայն իրենց հատուկ նենգությամբ, ինձ հորդոր կարդալ առ այն, թե իբր էլ ինչու եմ  պատասխանող կողմից պահանջել խոշոր չափի դրամական փոխհատուցում, եթե մյուս կողմից պատրաստ եմ նաև աշխատավարձս նվիրաբերել Ա. Մկրտումյանին: Համաձայնենք` սա արդեն չլսված բան է, ուղղակի նոն սենս` ՀՀ ողջ դատական պրակտիկայում: Միթե± այսքանից հետո չի ստացվում, որ մեր դատական համակարգի սույն պարագլուխները, ի վիճակի չլինելով անգամ տարբերակել իմ, պատասխանող կողմի և իրենց քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, այդպիսով իսկ հերքում են իրենց անկողմնակալությունը, անուղղակի միջամտում են ինձ վերաբերող դատական գործին և ճնշում գործադրում դատարանի վրա…

Ինչ վերաբերում է դատարանում պատասխանող կողմից իմ պահանջած փոխհատուցման գումարի ենթադրվող ճակատագրին, ապա պատասխանող կողմի` մարդասպանների, դատապաշտպանի պարտավորությունները ստանձնած պարոնայք Ա. Մկրտումյանին և Դ. Ավետիսյանին խորհուրդ կտայի ևս մեկ անգամ, առանց ավելորդ հույզերի, ծանոթանալ իմ հայցադիմումին, որտեղ բառացի գրված է, որ տուժողի իրավահաջորդը փոխհատուցման գումարը § …որպես իր ծնողի հիշատակի հավերժացման մի յուրօրինակ միջոց, մտադիր է ամբողջությամբ տրամադրել ՀՀ-ում գործող ծերանոցների, մանկատների, անապահով այլ խավերի պաշտպանությանը կոչված կազմակերպությունների նյութական ապահովության բարելավման, ինչպես նաև սահմանամերձ դպրոցների և մանկապարտեզների վերանորոգման համապատասխան հաշվեհամարներին և ծրագրերին¦: Ի  դեպ, նշված խմբի շահառուների ցանկում նպատակ է եղել ընդգրկելու նաև պարոն Արման Մկրտումյանի հորը, որը, ինչպես հայտնի է մամուլի հրապարակումներից, իր իսկ սեփական բնակարանից վտարվել է դատավոր որդու §օգնությամբ¦ և ներկայումս գոյություն է քարշ տալիս ծայրաստիճան չքավորության մեջ:

Հ.Գ. Ի գիտություն Ա. Մկրտումյանի և Դ. Ավետիսյանի հայտնում եմ, որ այսօր արդեն քաղաքացիական հայցով դիմել եմ դատարան, որտեղ ՀՀ Վճռաբեկ դատարանը` հանձինս նշված պաշտոնյաների, պատասխանատվության կկանչվի իմ` ԱԺ պատգամավորիս, անձն ու արժանապատվությունը հրապարակավ վիրավորելու, ինձ սպառնալու և զրպարտելու համար:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր

Սպարտակ Մելիքյան»

Այս խորագրի վերջին նյութերը