Կարծիք

01.11.2011 16:43


Եկել է ճանապարհն ընտրելու պահը

Եկել է ճանապարհն ընտրելու պահը

Օրեր առաջ շատ կարճ ժամանակով Վլադիմիր Պուտինի տանը լինելուց հետո Սերժ Սարգսյանը որոշեց ոգևորել իր շարքերին եւ այնպիսի կեցվածք ընդունել, որ ռուսամոլությամբ տառապող հայ պաշտոնյաների մոտ այնպիսի տպավորություն ստեղծվի, որ ՌԴ վարչապետը եւ ապագա նախագահը Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնում է միայն ու միայն իրեն: Շարքերին հնարավորին չափ շատ ոգեւորելու համար, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանը հայկական աշխարհի տիրակալին հանձնարարեց մի քանի ցինիկ եւ սարսափազդու հայտարարություններ անել կոտրած տաշտակի մասին:

Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը ամեն ինչ հաշվի էին առել, սակայն մոռացել էին, որ տեխնոլոգիաների դարաշարջանում իրականությունը թաքցնելն արդեն գրեթե անհնար է, եւ որ Հայաստանում ստեղծված իրավիճակն էլ այս տարվա գարնանը բոլորովին նման չէ:

Սերժ Սարգսյանը ոգեւորվելով իր կարճաժամկետ հաջողություններով «երկխոսության» դաշտում մի պահ իրեն այնքան վստահ զգաց, որ որոշեց մինչեւ վերջ օգտագործել եւ շպրտել ՀԱԿ-ին, կարծելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Արտաշես Գեղամյանից եւ Արշակ Սադոյանից տարբերվում է բացառապես լեզուների իմացությամբ: Ճիշտն ասած, առաջին նախագահի իրականացրած քայլերն էլ վկայում էին այն մասին, որ նա պատրաստվում է գնալ նույն Գեղամյանի ճանապարհով: Սակայն ողջունելի է, որ Տեր-Պետրոսյանը թեւեւ ուշացած, բայց կանգ առավ, նայեց շուրջը, հասկացավ, թե ինչ է կատարվում եւ իրավիճակը փոխվեց: Սերժ Սարգսյանն այս ամենը հաշվի չէր առել եւ հիմա, երբ Տիգրան Սարգսյանը խոսեց կոտրած տաշտակի մասին, պարզ դարձավ, որ այդ տաշտակի մոտ հայտնվելու են ոչ թե նրանք, ովքեր չեն գործակցի, այլ կերպ ասած, չեն կատարի ՀՀԿ-ի հանձնարարականները, այլ ճիշտ հակառակը:

Հիմա Սերժ Սարգսյանի հույսը դատարկ դհոլներն են: Եւ կարելի է պատկերացնել, թե ինչ սարսափելի վիճակում են հայտնվել վարչախմբի ներկայացուցիչները, որոնք ապագայի ծրագրերը կազմելիս հենվում են նման կարգի մարդկանց վրա: Մեր մեջ ասած, այս իրավիճակում նրանք ճիշտ կանեն, եթե չտանջեն ո՛չ իրենց, ո՛չ էլ մեզ եւ թողնեն եւ հեռանան: Բայց ճանաչելով նրանց, հասկանում ենք, որ առնվազն մինչեւ խորհրդարանական ընտրություններ նրանք ամեն ինչ անելու են Հայաստանը ֆեոդալական հետամնաց երկրի վերածելու համար: Բայց նրանք պետք է որ արդեն աստիճանաբար իրենց նախապատարստեն իրենց անխուսափելի պարտությանը:

Արդեն գրեթե վստահ կարելի է ասել, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում գնալ ինքնաոչնչացման ճանապարհով եւ չի պատրաստվում վերածվել ՀՀԿ-ի կամ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանի երիտխորհրդականների մանկլավիկի: Ծառուկյանի վերջին հարցազրույցը, որտեղ խոսվեց առաջիկա քաղաքական քայլերի մասին, պարզապես ժամանակավոր հրադադար էր հիշեցնում։

Իր հերթին ՀԱԿ-ն էլ ճիշտ ժամանակին կանգ առավ եւ այժմ վարչախումը չի կարող ՀԱԿ-ին օգտագործել ԲՀԿ-ի դեմ կամ ԲՀԿ-ին` ՀԱԿ-ի: ՀՅԴ-ն էլ վարում է բավական ինքնուրույն քաղաքականություն եւ հաստատ չի կարող կանգնել ֆուտբոլային դիվանագիտության ջատագովի կողքին: Այս իրավիճակում իրենց հարգող մյուս կուսակցություններն էլ հաստատ չեն գնա ինքնակործանման եւ չեն շտապի կատարելու Սերժ Սարգսյանի հրամանները:

Սերժ Սարգսյանը արդեն հաստատ համոզվել է, որ իր թիմի նեղության պահին այլեւս չի կարող հենվել ՀԱԿ-ի վրա: Հակառակ դեպքում չէր սկսվի Գեղամյանի վերակենդանացման գործընթացը: Ու երբ պատկերացնում ես, թե ինչպես են արհեստական շնչառություն տալիս Արատաշես Մամիկոնովիչին, հասկանում ես, որ Հայաստանը կանգնած է արմատական վերափոխման անհրաժեշտության առաջ:

Դժվար չէ կռահել, որ հիմա կգտնվեն մարդիկ, որոնք իրենց սկզբունքայինի տեղ դրած կփորձեն ամեն ինչ անել Սերժ Սարգսյանի թիմի դեմ ձեւավորվող հզոր դաշինքը տապալելու համար: Իհարկե, նրանց դա չի հաջողվի, բայց այստեղ իրենց ծանրակիռ խոսքը պետք է ասեն ինքնուրույն քաղաքական ուժերի առաջնորդները:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը հրաշալի հնարավորություն ունի վերածվելու կուսակցության դասական իմաստով եւ իր տեղն ամրագրել Հայաստանի քաղաքական դաշտում: Դրա համար անհրաժեշտ է միայն ձեւավորել այնպիսի քաղաքական թիմ, որը կարողանա հստակ դիրքորոշումներ արտահայտել քաղաքական եւ տնտեսական բոլոր կարեւորագույն հարցերի շուրջ: Ծառուկյանը հիմա այդ հնարավորությունն ունի:

ՀՅԴ-ն եւս վերափոխումների, այն էլ արմատական վերափոխումների կարիք ունի: Եթե այս կուսակցությունը կարողանա ճիշտ հետություններ անել, ապա հետընթացը կդադարեցնի եւ կարող է բավական նպաստավոր գործունեություն ծավալել Հայաստանի ժողովրդավարացման եւ առաջընթացի համար: Ինչ վերաբերում է Ժառանգությանը, ապա կարծում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջապես պետք է դադարեցնի որոնումները եւ իր ծանրակշիռ խոսքն ասի եւ համապատասխան քայլեր ձեռնարկի: Ազատ դեմոկրատների համար էլ ասենք, որ նրանք պետք է առավել քան ժողովրդավար եւ առավել քան ազատական լինեն եւ առավել քան ակտիվ քաղաքական դաշտում իրենց տեղը պահպանելու եւ Հայաստանի ժողովրդավարացմանը նպաստելու համար, այլապես ընդհանուր խաղից դուրս մնալու հեռանկարն իրական կդառնա:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը