Մեկնաբանություն

06.06.2023 21:22


Պտուղը ծառից է զգացվում, և այս կոնկրետ պտուղը իր կոնկրետ ծառից հեռու չի ընկել

Պտուղը ծառից է զգացվում, և այս կոնկրետ պտուղը իր կոնկրետ ծառից հեռու չի ընկել

Թերևս բոլորին հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքը Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասին է: Հիրավի, այս պտուղը իր ծառից հեռու չի ընկել. ինչպիսին իր ծնողներն են, այնպիսին էլ, բնականաբար, ինքն է:

Նա, ով ընդունակ է իր հոժար կամքով նստել պատերազմում զոհված երիտասարդի՝ Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի վարած մեքենան, ընթացքում ինքն իրեն դուրս նետել մեքենայից, ապա վազել ոստիկանություն և «գործ տալ» զոհվածի մոր դեմ, թե իրեն՝ Աշոտ Նիկոլի Փաշինյանին, «վիձիծե լի», առևանգել են: Դա քիչ է, Աշոտ Փաշինյանը ընդունակ է ուղիղ ճնշում գործադրել քննիչների վրա, չնայած վերջիններս առանց այն էլ տեղյակ էին, թե ինքն ով է, ում տղան է և իրենցից էլ «վերևից» ինչ են պահանջում, Աշոտ Փաշինյանը մի բան էլ իր աննման հոր նկարով «զարդարված» շապիկով էր գնացել քննիչների մոտ՝ կալանավորված Գայանե Հակոբյանի հետ առերեսման քննչական գործողությանը մասնակցելու:

Իսկ երեկ էլ բոլորը տեսան, թե Նիկոլ Փաշինյանի մարդատյաց ու հակահայ ռեժիմը ինչպես է սիրում ծաղրել հանրությանը, մարդկանց, հայերին: Տեսանք Նիկոլ Փաշինյանի անձնական օգտագործման «դատավորների» կամ «դատական» համակարգի անմարդկային, ավելի ճիշտ՝ հակամարդկային, չմարդկային, սադիստական ու պիղծ նկարագիրը՝ ամբողջ կտրվածքով:

Նախ, փաշինյանական ռեժիմը «ցեց էր գցել» պատերազմում զոհվածների բողոքող, Աննա Հակոբյանի ողորմելի «պադաչկաները» չվերցնող ծնողների շրջանում, թե՝ «մի քաղաքականացրեք ձեր պահանջներն, ու ամեն ինչ լավ կլինի...»: Բնականաբար, իրենց իշխանական ժարգոնով իսկ ասած՝ ֆռռացրել էին զոհվածների ծնողներին: Բայց դա դեռ ամենը չէր:

Հետո լուր տարածվեց, թե Գայանե Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով: Իսկ հետո, երբ արդեն շատերը հասցրել էին ինչ-որ տեղ ուրախանալ (անհասկանալի է, թե ինչի վրա), որ «ինչ-որ տեղ ինչ-որ չափով արդարություն կա» (ու ո՞րն է այդ «արդարությունը», եթե այս պատմությունը ծայրեծայր ներծծված է փաշինյանական անարդարությամբ), տեղի ունեցավ այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր: Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Նիկոլ-Աննայի Փաշինյանը դատարանի դահլիճում, բնորոշ անհաղորդ տեսքով, հայտարարեց, թե ծանր հանցանք է տեղի ունեցել, անգամ տնային կալանքն է մեղմ մոտեցում, իսկ դատավորը հլու-հնազանդ կատարեց «բարձրաստիճանածնի» քմահաճույքն ու որոշեց, որ պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին պետք է կալանավորվել:

Այ, այսպես է Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ծաղրուծանակի ենթարկում մարդկանց, օրենքը, բարոյական ու մարդկային նորմերը: Անպատիժ մնալով, փաշինյանական ռեժիմը ավելի ու ավելի է լկտիանում, ինչն օրինաչափ է, ի դեպ:

Նկատենք, որ այս ընթացքում հայտնվեցին սոցիալական ցանցերում ակտիվ մարդիկ, որոնք նշում էին, թե Աշոտ Փաշինյանն, այնուամենայնիվ, այնքան էլ «Նիկոլ» չէ, այդ ընտանիքի չափահաս մյուս անդամներից տարբերվող է: Հեքիաթներ կամ առնվազն՝ մոլորություն: Կյանքն ամեն ինչ տեղը դրեց և ցուցադրեց ակնհայտը՝ Աշոտ Փաշինյանը Նիկոլի ու Աննա Հակոբյանի զավակն է ու, ոչ միայն կենսաբանորեն, այլև «որակներով»:

Ի դեպ, դրանք շատ են սիրում տեղի-անտեղի մեջբերումներ անել Աստվածաշնչից: Իսկը տեղին է հիշեցնել ավետարանիչ Մատթեոսի այս հանրահայտ զգուշացումները. «Զգուշացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարի հանդերձներով, բայց ներսից գիշատիչ գայլեր են: Իրենց պտուղներից կճանաչեք նրանց: Մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ: Նմանապես, ամեն լավ ծառ լավ պտուղ է տալիս, իսկ ամեն փտած ծառ անպետք պտուղ է տալիս: Լավ ծառը չի կարող անպետք պտուղ տալ, ոչ էլ փտած ծառը կարող է լավ պտուղ տալ: Ամեն ծառ, որ լավ պտուղ չի տալիս, կտրվում և կրակի մեջ է գցվում: Ուստի իրենց պտուղներից կճանաչեք նրանց»:

Ճանաչեցի՞ք:

Այժմ, ինչ վերաբերում է «չքաղաքականացնելուն»: Անհնար է քաղաքականացնել որևէ հարց, որ ինքնին արդեն քաղաքական է: Եվ երբ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, մեր հայրենակիցները կարծում են, թե իրենց բարի խորհուրդ են տալիս՝ ասելով, թե ձեր բողոքը, դժգոհությունը մի քաղաքականացրեք, իրենք պիտի սկսեն հասկանալ, որ իրենց առնվազն մոլորեցնում են, խաբում են և սսկացնում են: Պետք է հասկանան, որ նման բան խորհուրդ տվողն իրենց վատն է ուզում կամ, առնվազն, նրան ոչ թե մարդիկ ու նրանց բարձրացրած հարցն է հետաքրքրում, այլ այդ բողոքող մարդկանց լռությունը, ապակողմնորոշումը:

Հակառակը՝ որքան կարող եք՝ քաղաքականացրե՛ք, քաղաքական հնչեղություն հաղորդեք ցանկացած հարցի, ցանկացած հարց ու բողոք ուղղեք ոչ թե շարքային «սլաքավարներին», այլ թուրքերի հետ սիլի-բիլի անող, իսկ հայերին ու հայուհիներին բանտարկող «սլաքավարապետ» Նիկոլ Փաշինյանի դեմ: Ցանկացած վայրում, ցանկացած առիթով ու առանց առիթի էլ դրսևորեք ձեր անհանդուրժողոկանությունը, եթե ցանկանում եք ազատվել կալանքներից ու թրքացման կործանարար կանդալներից:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը