Կարծիք

29.07.2011 16:06


Իսկ թագավորը մերկ է

Իսկ թագավորը մերկ է

Կարելի է նախանձել և, միևնույն ժամանակ, ցավակցել այն մարդկանց, ովքեր հասկանալով, որ իրենք զբաղված են բոլորովին այլ գործով, սակայն դեմքի ամենալուրջ արտահայտությամբ պնդում են, թե շարունակում են զբաղվել ավազակապետության կազմաքանդումով: «Երկխոսելով», «խնդիրներ քննարկելով», հանդիպումների համար հարմար դահլիճ փնտրելով՝ նրանք այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես իրոք վտանգելով իրենց կյանքը՝ պայքարում են ժողովրդին Սերժ Սարգսյանի ճիրաններից ազատելու համար:

Անկեղծ լինենք, նման բան հնարավոր է միայն Հայաստանի տիպի երկրներում, որտեղ քաղաքացիական հասարակությունը սաղմնային վաղ շրջանում է, և որտեղ ժողովուրդը սովոր չէ պայքարել իր արժանապատվության համար: Որևէ նորմալ երկրում որևէ քաղաքական ուժ իրեն չէր կարող թույլ տալ այսպես ծաղրի ենթարկել մի ամբողջ ժողովրդի:

Շարունակենք անկեղծ լինել: Նրանք, ովքեր զբաղված են «երկխոսությամբ», քաղաքական ուժի հետ որևէ կապ չունեն: Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանն առայժմ հաջողությամբ օգտագործում են ՀՀԿ-ին և ՀԱԿ-ին: Ընդ որում, նրանք շատ հաճախ անհարմար իրավիճակի մեջ են գցում իրենց թիմակիցներին: Իսկ իրականությունն այն է, որ Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը կոնգրեսականներին և ՀՀԿ-ականներին իրենց թիմակիցները չեն համարում: Նրանք առաջնորդվում են բացառապես իրենց նեղ թիմի` ընտանիքների շահերով:

Նրանք այսպես կվարվեն այնքան ժամանակ, քանի դեռ նույն կոնգրեսականները և ՀՀԿ-ականները չեն հասկանա, որ իրենք պարզապես օգտագործվում են: Իսկ առայժմ նրանք հաճույքով օգտագործվում են:

Ընդամենը շաբաթներ առաջ նույն ՀՀԿ-ականները ծաղրանքով էին խոսում «երկխոսության» մասին, իսկ այսօր ձոներ են նվիրում ՀԱԿ-ին: Ավելին, նրանք հայտարարում են, թե առանց ՀԱԿ-ի նույնիսկ հեռուստահաղորդման չեն մասնակցի: Այսպես շարունակվելու դեպքում նրանք կարող են հանգիստ նստել և նախընտրական ընդհանուր ցուցակ կազմել` հանգիստ թողնելով ԲՀԿ-ին: Ո՞վ գիտի, հնարավոր է, որ «բանակցությունների» ժամանակ հենց այս հարցն էլ քննարկվում է:

Ավելի քան պարզ է, որ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է իր դաշնակից Տեր-Պետրոսյանին աջակցելու համար: Իհարկե, նա չի ընդունում, որ աջակցելով՝ ինքը նպաստում է ՀԱԿ-ի վարկանիշի կտրուկ անկմանը: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ վարկանիշի անկումը նկատում են Կոնգրեսի ղեկավարությունում, բայց չեն անհանգստանում: Իսկ չանհանգստանալու պատճառն ավելի քան պարզ է` նրանք Սերժ Սարգսյանի նման դաշնակից ունեն: Կոնգրեսի առաջնորդների հույսը հիմա ընտրակեղծքիներն են կամ Սերժ Սարգսյանի խոստումը:

Եթե Կոնգրեսին ավելի քան համակրանքով վերաբերվող թերթերից մեկը տեղեկացնում է, թե իր տեղեկություններով ընտրակեղծարար ՀՀԿ-ականները լքում են կուսակցության շարքերը, ապա ամեն ինչ արդեն ավելի քան պարզ է: Հայաստանյան քաղաքական դաշտին բնորոշ պրիմիտիվությամբ փորձ է արվում լվանալ մարդկանց ուղեղները, որ հետո՝ գարնանը, հերթական խորհրդարանական ընտրություններից հետո «երկխոսողները» կարողանան հայտարարել՝ ի՜նչ ընտրակեղծիք, ի՜նչ լցոնում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ներկայացուցիչների հայտարարություններին, թե իրենք շարունակում են պահանջել արտահերթ ընտրություններ, ապա սա արդեն պրիմիտիվության գագաթնակետն է: Ստիպված ենք կրկնել, որ խոսել արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, նույնիսկ առաջարկել այն դարձնել «երկխոսության» առարկա, դեռ չի նշանակում, թե դու պահանջում ես արտահերթ ընտրություններ: Դա միայն նշանակում է, որ դու խաղում ես մարդկանց որոշ շերտերի հույզերի հետ:

Մեզ մնում է արձանագրել, որ նույնիսկ պարապ ժամանակի զբաղմունքի համար ՀԱԿ-վարչախումբ «երկխոսությունը» դեռ աճելու տեղ ունի: Տաղտկալի է այն կինոնկարը, որի սյուժեն ավելի քան կանխատեսելի է, իսկ դերասանական խաղն էլ հեռու է բավարար լինելուց: Այնպես որ, ամեն ինչ այնքան պարզ է, որ մնում է որոշում կայացնենք՝ մենք թույլ ենք տալու, որ այս ծաղր ու ծանակը շարունակվի՞, թե՞ վերջապես սթափվելու ենք և փորձելու ամեն ինչ դնել իր տեղը:

Համաձայնվեք, որ այս իրավիճակում օր առաջ պետք է միավորվենք բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրած ճանապարհը Հայաստանին նոր ծանր հարվածներ է հասցնելու: Ներկայիս իրողությունները թույլ են տալիս ասել, որ բոլոր նրանք, ովքեր դուրս են մնացել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմերի ազդեցության գոտուց, կարող են միավորել ջանքերը Հայաստանը ժողովրդավարացման ճանապարհի վրա դնելու համար:

Գեղամ Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը