Կարծիք

26.07.2011 16:32


Հեռու մնանք ժամավաճա– ռությունից

Հեռու մնանք ժամավաճա– ռությունից

Քաղաքական գործիչներ կային, որոնք համոզված էին, թե ամառը թեժ է լինելու: Իրոք, ամառը թեժ է, բայց այս թեժությունը քաղաքական իրադարձությունների հետ որևէ կապ չունի: Պարզապես Հայաստանում ամառը միշտ էլ շոգ է լինում: Ինչ վերաբերում է քաղաքական իրադարձություններին, ապա ամառը ոչ միայն թեժ չստացվեց, այլ նույնիսկ սառը ցնցուղ տեղաց շատերի գլխին:

Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակիցների համար մի քանի անակնկալ իրադարձություններ եղան: Նրանք հասկացան, որ իրենք միայն խամաճիկ են, և որևէ դերակատարում չունեն: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք ժողովրդավարությունից հեռու են հազարավոր կիլոմետրերով, և որ մարդը նրանց համար գրեթե որևէ արժեք չի ներկայացնում:

Այս կարճ ժամանակահատվածում նրանք հասցրեցին անհարմար վիճակի մեջ դնել մարդկանց, որոնք նվիրված էին իրենց, որոնք վստահ էին, որ ինչ–որ բան արժեն, և որ կարևոր որոշումներ կայացնելուց առաջ իրենց հետ անպայման կխորհրդակցեն:

Եղավ մի պահ, երբ Սարգսյանի կողմնակիցները հեգնանքով էին խոսում պատվիրակություններով բանակցելու մասին, ծաղրում նրանց, ովքեր ասում էին, որ պետք է բանակցություններ լինեն: Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց, որ հենց ի՛ր թիմակիցները հայտնվեն  ծիծաղելի վիճակում:

Լևոն Տեր-Պետրոսյանն իր հերթին անհարմար վիճակի մեջ գցեց նրանց, ովքեր հավատացած էին, որ առաջին նախագահի հետ միասին պայքարում են ավազակապետությունը կազմաքանդելու համար: Հիմա ստացվեց այնպես, որ նրանք երկխոսում են նույն ավազակապետության կարկառուն ներկայացուցիչների հետ, ընդ որում՝ երկխոսում են ամեն ինչի, բայց ոչ կազմաքանդման վերաբերյալ. արտահերթի պահանջը ինքներդ էլ եք հասկանում, որ ձևական բնույթ է կրում: Սեպտեմբերյան «ջրբաժանը» կգա, և բոլորս կհամոզվենք դրանում։

Այսքանից հետո մենք ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է պետության կառավարումից յոթ սարեր այն կողմ լինեն: Այն, ինչին նրանք ձգտում են, բացարձակ իշխանությունն է: Հնարավորություն ունենային, երկիրը թագավորություն կհայտարարեին, իրենց էլ՝ բացարձակ միապետեր: Երկուսն էլ արդեն հասցրել են ապացուցել, որ իրենց նպատակը մեկն է՝ բացարձակ տիրակալի և մեկ օլիգարխի հաստատումը: Ընդ որում, տիրակալը և օլիգարխը պետք է լինեն նույն մարդիկ: Եվ եթե այսքանից հետո մենք ոչինչ չենք անելու այս ծրագրի իրականացումը տապալելու համար, ապա կարող ենք Հայաստանի ներկայի ու ապագայի էջերը փակված համարել:

Հայաստանն այլևս այսպես չի կարող շարունակել: Մենք այսքան ռեսուրս չունենք: Արդեն պարզ է, որ «երկխոսությունը» ոչ միայն չի հանգեցնելու Սերժ Սարգսյանի հրաժարականին, այլ նաև չի լինելու խորհրդարանական արտահերթ ընտրություն: Ամեն ինչ տանում է նրան, որ երկու հոգի՝ Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը, ցանկանում են սեփականաշնորհել քաղաքական ողջ դաշտը: Եվ ոչ մի նշանակություն չունի՝ որ մեկին շատ բաժին կհասնի, որին՝ քիչ: Կարևորը երևույթն է: Տխուր է, որ դեռ մարդիկ կան, որ հավատում են, թե «երկխոսությունը» հանգեցնելու է իշխանությունների կազմալուծմանն ու տապալմանը: Իրականում այս գործընթացն օգնում է, որ Սարգսյանն ամրապնդի և երկարաձգի իր իշխանությունը:  Եթե ՀԱԿ-ն այդքան սկզբունքային է, ապա հենց հիմա ամենաբարձր մակարդակով պետք է հայտարարի, որ եթե մինչև օգոստոսի 31-ը չհայտարարվեն արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետները, ապա իրենք դադարեցնում են բանակցությունները վարչախմբի հետ: Բնականաբար, նրանք այդ քայլին չեն գնա: Չեն գնա, քանի որ իրենց միակ հույսը հերթական խորհրդարանական ընտրություններով խորհրդարան մտնելն է: Բայց բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանն իր բնավորությունը չի փոխելու և վերջին պահին երեք մատի կոմբինացիա է ցույց տալու:

Առանց կասկածի, այս գործընթացի արդյունքում ՀԱԿ-ի հեղինակությունը հավասարվելու է զրոյի: Այս հարցում Սերժ Սարգսյանը կորցնելու ոչինչ չունի, քանի որ բոլորից լավ գիտի, թե իր վարկանիշը որ թվի լավագույն բարեկամն է: Բայց հարց է առաջանում՝ մի՞թե ինչ–որ մեկը կշահի, եթե Սերժ Սարգսյանը փչացնի Կոնգրեսին և ժպիտով ամանորյա ուղերձներ հղի: Կարծում եմ, որ այս ամենից կշահի միայն Սերժ Սարգսյանը, բայց ժամանակավոր: Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա Սերժ Սարգսյանի շահել-չշահելը կախված է հասարակության այն հատվածից, որը չի մասնակցում թատերականացված այս ներկայացմանը: Խոսքն այն հատվածի մասին է, որի համար ծիծաղելի է, որ լուրջ դեմքով, հասուն տարիքի տղամարդիկ գյալաջի անելու համար չեզոք վայրեր են փնտրում, և հետո այդ վայրը դառնում է Կառավարության ընդունելությունների տուն:

Այսպիսով, եթե բոլոր նրանք, ովքեր հասկանում են, որ մեկ օլիգարխի երկիրը մեր երկրի շահերից չի բխում, որ երկխոսությունը ժամավաճառություն է, որ մեր երկրի քաղաքական դաշտն արմատական վերափոխման կարիք ունի, չկարողանան համախմբել ջանքերը, ապա երանելի վիճակում կհայտնվի Սերժ Սարգսյանը, իսկ ահա Հայաստանի վիճակը ողբերգական կդառնա: Իսկ եթե առողջ ուժերը կարողանան մի կողմ դնել ծուլությունը, մեծամտությունը, երկրորդական հարցերը, ապա Հայաստանն առաջ շարժվելու ճանապարհը կբռնի, իսկ Սերժ Սարգսյանն էլ կզբաղվի այն գործով, որով առավելագույն օգուտ կբերի Հայաստանին՝ պետական համակարգից դուրս: Ընդունենք, որ մեր նպատակը ոչ թե Սերժ Սարգսյանին ողբերգական վիճակի մեջ դնելն է, այլ լավ երկիր կառուցելը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը