Կարծիք

27.01.2010 09:57


Ոստիկանության դերը իշխանություն–հասարակություն փոխհարաբերություններում. բարոյաէթիկական գործոնի նշանակությունը

Ոստիկանության դերը իշխանություն–հասարակություն փոխհարաբերություններում. բարոյաէթիկական գործոնի նշանակությունը

                        «Աշխատեք կատարել ձեր պարտքը և

                                        շուտով կիմանաք'  արդյոք ի՞նչ եք ներկայացնում  ձեզանից:

                                                         Իսկ  ո՞րն է ձեր պարտքը: Ամենօրյա պահանջները...»

                                                                                                                                         Գյոթե

 Վերջերս խորանում, արմատանում են  բացասական դիրքորոշումներն ու վերաբերմունքը ոստիկանության  եւ, առհասարակ, պետական համակարգի հատուկ ծառայությունների ու ծառայողների նկատմամբ: Հայտնի է, որ հատուկ ծառայությունները իշխանության արտաքին եւ ներքին քաղաքականության գործիքն են.  ներքաղաքական ներկա  լարված վիճակում այդ «գործիքը»' ոստիկանությունը, փութաջանորեն օգտագործվում է շատ բազմաբնույթ, ամենատարբեր գործողություններով:  Գործիքի տերը' իշխանությունը, ոչ միայն խնամքով չի վերաբերվում այն «օգտագործելիս», անգամ մեծ շահարկումների քավության նոխազ է դարձրել: Հիշենք նախընտրական ժամանակահատվածը, երբ հասարակության մեջ սփռել էին «վախի» գործոնը' արտահայտվելու նախընտրելի թեկնածուի մասին, փետրվարի 19-ի ակտիվ եւ ագրեսիվ գործողությունները, վերջապես'  հետընտրական հանրահավաքների ժամանակ նրանց պահվածքը եւ մարտի 1-ի ողբերգական դեպքերը:

Տարաբնույթ գործողությունների շարքը շարունակվում է մինչեւ օրս: Ընդդիմության հուլիսի 4-ի հանրահավաքը սկզբում արգելել են. «Ոստիկանական կոչերը առաջ են բերում հավաքվածների սուլոցներն ու «գոռում-գոչյունները», ոստիկանները տեղի են տալիս եւ, միաժամանակ, զարմանք հայտնում, թե «վերեւներում» ո՞ւմ մտքով է անցել հանրահավաքն «արգելելու, սակայն թույլատրելու» գաղափարը: Այս դիպաշարին քավության նոխազ է պետք, եւ այդ «պատվավոր» առաքելությունը իշխանությունները որոշել են բարդել ոստիկանության վրա' չմտահոգվելով անգամ, որ այդ դերը նրան վարկաբեկում է»։ Սա նվազագույնն է այն ամենի համեմատ, թե ինչպիսի պայմանների մեջ է ներքաշում իշխանությունը  ոստիկանական համակարգն  օգտագործելիս: Երբեմն թվում է, թե մեծ դիտավորություն կա'  հստակ ատելություն եւ անհանդուրժողականություն սերմանել հասարակության եւ հատուկ ծառայությունների միջեւ:

□Անկախ դարաշրջանից, հասարակական կարգից եւ աշխարհաքաղաքական վիճակից' կարելի է առանձնացնել հատուկ ծառայությունների գործունեությանն եւ զարգացմանը  ազդող 3 օբյեկտիվ գործոններ.

  1. տնտեսական
  2. բարոյաէթիկական
  3. իրավական

Բոլոր երեք գործոնները միմյանց հետ փոխկապակցված են, այնուամենայնիվ, հետագա    վերլուծության համար առանձնացնենք մեկը' բարոյաէթիկականը, «որը հիմնված է տվյալ հասարակության մեջ' մշակութային արժեքներին համապատասխան ձեւավորված ավանդույթների վրա: Ժամանակակից աշխարհում գոյություն ունի հատուկ ծառայությունների եւ նրանց գործողությունների նկատմամբ  պատմականորեն ձեւավորված վերաբերմունք' հասարակության ընտրախավի բարոյաէթիկական նորմերի հիման վրա: Դրանք, այսպես կոչված, արեւմտյան (եվրոպական) եւ արեւելյան (ասիական) մոտեցումներն են: Արեւմտյան մոտեցումը հատուկ ծառայություններին եւ նրանում աշխատող անձանց նկատմամբ բացասական է. միջնադարյան Եվրոպայում հատուկ ծառայությունների եւ նրանց աշխատակիցների նկատմամաբ ձեւավորվել է արհամարհական, անհարգալից վերաբերմունք, Արեւելքում' ընդհակառակը, դրական կամ, ծայրահեղ դեպքում, չեզոք վերաբերմունք: Արեւմտյան մոտեցման պատմական նախապայմաններն են.

Առաջին' այդ տեսակետը (արեւմտյան) Եվրոպայից անցել է կայսրական Ռուսաստան, այնեղից էլ' Խորհրդային Միություն, որտեղից էլ ժառանգություն է մնացել մեր հասարակությանը:

Երկրորդ' Խորհրդային Միությունը ստեղծվել է կոմունիստական կուսակցության ներկայացուցիչների' բոլշեւիկների  կողմից, որոնք երկու տասնյակ տարիներ հետապնդվում էին  (նրանք եղել են ընդհատակում) հատուկ ծառայությունների կողմից եւ, բնականաբար,  հատուկ ծառայությունների հանդեպ ունեին խիստ բացասական վերաբերմունք:

Երրորդ, որը կանվանենք «37 թվականի բարդույթ». ԽՍՀՄ-ում համատարած հետապնդումները, հալածանքները, գնդակահարությունները, աքսորը իշխանության կողմից իրականացվում էին հատուկ ծառայությունների միջոցով մինչեւ 1953թ., եւ քանի որ  մեծ թվով նշանավոր, երեւելի մարդիկ գնդակահարվել, աքսորվել են 1937թ.-ին, ապա ժողովրդի մեջ այդ թվականը տպավորվել է որպես խորհրդանիշ: Այդ բարդույթի բովանդակությունը վախն է, սարսափը, որը գենետիկորեն նստած է սերունդների մեջ»:

Այսպիսով, գոյություն ունեցող արժեքային համակարգը,  վերաբերմունքները պատմա-մշակութային, քաղաքական իրադարձությունների ծանր ժառանգությունից բացի, ձեւավորվում եւ հաստատվում են ներկա սոցիալ-քաղաքական իրադարձություններով:

Մեր օրերում արժեքային համակարգի տարաբնույթ փոփոխությունները, հասարակական կյանքում գլոբալացման գործընթացները որեւէ կերպ չեն ազդում  հատուկ ծառայությունների նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխություններին' հատկապես ի դեմս ոստիկանության: Ավելին'  գնալով □ամրապնդվում□ է որպես ոչ յուրային, մերժվող շերտ եւ որպես առանձին բացասական կարծրատիպ սկսել  է ընդլայնվել' ընդգրկելով համանման  կերպարներ'  հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցներ:

Եթե մտաբերենք վերջին մի քանի տարիները, ապա ոստիկանությունն այդ շրջանում անգույն, անդեմ կեցվածք ուներ եւ չէր ընդգծվում հասարակական կյանքում,  կարծես իր վրա հատուկ հուզական ուշադրություն չէր պահանջում:  Բայց  պատմականորեն ձեւավորված եւ յուրաքանչյուր ժամանակաշրջանի արժեքային համակարգին հարիր այդ բացասական մոտեցումը գոյություն ունի եւ առավել ընդգծվում է նման վարչակարգով պետության ցանկացած գործառության ժամանակ, երբ հատուկ ծառայությունները պաշտպանում են վարչախմբի շահերը' հակադրելով հասարակության մեծամասնության, ժողովրդի շահերին: Այսինքն, իշխանության կողմից կատարվող ցանկացած գործառության գործիք լինելով, բնականաբար, վատ են ընկալվում հասարակության կողմից, քանի որ այդ պահպանվող իշխանությունը չունի համաժողովրդական վստահություն: Այսինքն' նախադեպ եւ այլ նախապայմաններ էլ պետք չեն, որպեսզի ոստիկանությունն անմիջապես ընկալվի   բացասական «շերտ»: Դրանից հետո արդեն □գործողություններով□ (քանի որ գործիք է)  հաստատում է իր «լուսանցքային» կարգավիճակը:

Այլ խնդիր են ոստիկանների հոգեբանական առանձնահատկությունները. ովքե՞ր են, ինչպիսի՞ հոգեբանական յուրահատկություններ,  ինչպիսի հոգեկան վիճակներ ունեն: Դա խնդիր է, որը հետաքրքրում է նաեւ գերտերություններին, քանզի ոստիկանությունը ներքաղաքական, հասարակական կյանքի խաղաղության ապահովման երաշխիքը պետք է լինի: Այսպես' ԱՄՆ-ի արդարադատության ազգային ինստիտուտի հովանավորությամբ հոգեբանների անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ գոյություն ունեն բազմաթիվ որոշիչ գործոններ,  որոնց օգնությամբ կարելի է աշխատանքի համար դիմողների հարցման ընթացքում հայտնաբերել բռնության հնարավոր դեպքերը: Հետազոտության արդյունքները թույլ տվեցին առանձնացնել (մոդելավորել) բռնության հակված ոստիկանների 5 տիպ:  Դրանք են'

1. Այն ոստիկանները, ովքեր ունեն բնավորության անհատական խանգարումներ եւ գտնվում են մշտական ռիսկի տակ: Նման անհատները բնույթով մարդատյաց են եւ ունեն նարցիսական, պարանոիդ հակումներ: Այս գծերը նրանց խանգարում են հատկապես այն դեպքերում, երբ վտանգ կամ թերահավատություն են զգում իրենց հեղինակության նկատմամբ: Այդպիսի ոստիկանները սովորաբար դասեր չեն քաղում սեփական փորձից, չեն ընդունում իրենց վարքագծի սխալ լինելը եւ կարող են խնդիրների աղբյուր դառնալ ոստիկանական ստորաբաժանումներում:

2. Այն ոստիկանները, ում աշխատանքը նրանց ռիսկի տակ է դնում: Տրավմատիկ (հոգեվնասվածքային) իրավիճակները, օրինակ' հարկադիր հրաձգությունը, գործընկերոջ կորուստը, կարող են որոշ ոստիկանների մղել ուժի չարաշահման: Անհատների այս տիպը ոչ մարդատյաց է, ոչ եսակենտրոն, ոչ էլ անզուսպ: Ի դեպ, բռնություն գործադրելիս այս անհատների համար մեծ դեր են խաղում ոչ թե անձնային հատկանիշները, մարդկային որակները, այլ այն հուզական պաշարը, որ նրանք կուտակել են նախորդ պատահարների ընթացքում: Ի տարբերություն առաջին խմբի' այս ոստիկանները ենթակա են ռիսկի ոչ թե մշտապես, այլ միայն ճգնաժամային իրավիճակների դեպքում:

3. Այն ոստիկանները, ովքեր խնդիրներ են ունեցել իրենց ոստիկանական կարիերայի սկզբնական փուլերում: Այս խումբը բաղկացած է երիտասարդ եւ անփորձ ոստիկաններից: Ի տարբերություն այլ անփորձ ծառայողների' նրանք խիստ տպավորվող են եւ շահագրգիռ, չեն հանդուրժում պարտությունները: Չնայած դրան' այս տիպի ոստիկանները կարող են փորձ ձեռք բերելուն զուգընթաց աշխատանքում հաջողությունների հասնել, եթե ունեն փորձված ղեկավարներ:

4. Այն ոստիկանները, ովքեր սխալ պատկերացում ունեն պարետային ծառայության ոճի մասին: Նրանք շատ խոցելի են սադրանքների եւ մարտահրավերների նկատմամբ եւ հաճախ ուժ են  գործադրում միայն ցույց տալու համար, որ իրենք ծառայության մեջ են: Ի տարբերություն առաջին խմբի' այս տիպի ոստիկանների վարքագիծը ձեռքբերովի է եւ կարող է փոխվել, եթե իրենց կարիերայի սկզբում գտնվեն փորձված գործընկերոջ կամ ղեկավարի հսկողության տակ:

5. Այն ոստիկանները, ովքեր ունեն լուրջ անձնական խնդիրներ, ենթարկվել են այնպիսի անհատական հոգեբանական ցնցումների, ինչպես ապահարզանը, հարազատներից բաժանվելը, պաշտոնի, դիրքի կորուստը եւ այլն: Նրանք ունեն հոգեբանների խորհրդատվության եւ անձնական մոտեցման կարիք, ինչը հետագայում կկանխի աշխատանքի նկատմամբ նրանց անձնական գերակայության հնարավորությունը:

Թվարկած տիպերը' ամերիկյան ոստիկանների սոցիալական մոդելը, բնորոշ է իրենց հասարակությանը: Եվ որպես չափանիշ մեր հասարակության համար չենք կարող միանշանակ ընդունել, հատկապես, հաշվի առնելով անձի սոցիալական մոտիվացիայի ուղղությունը, մեր երկրում հասարակական պայմաններն ու պահանջները: Օրինակ' ամերիկյան ոստիկանին ներկայացվող թեստի հարցերից «Կարո՞ղ է արդյոք ոստիկանը կաշառք վերցնել»' մեր հասարակության մեջ չի գործի, եւ անկեղծ արդյունքների դեպքում դրանք կհամարվեն նորմայից դուրս, իսկ այստեղ տեղայնացնելուց (ադապտացնելուց) հետո հարցը կդառնա' «Կարո՞ղ է արդյոք ոստիկանը կաշառք չվերցնել»: Սակայն բոլոր դեպքերում էլ անձի բնույթը, անձնային հոգեբանական հիմքերը, դրդապատճառա-նպատակային ոլորտը, անձի կենսաբանական եւ սոցիալական ագրեսիան առկա են եւ բնորոշ նաեւ մեր հասարակության ոստիկանին:

Ոստիկանը հասարակության անդամ է, հասարակությունից մեկը, ինչպե՞ս է ստացվում, որ լինելով բոլորից մեկը եւ առօրյա շփումներ ունենալով հասարակության անդամների հետ' «տարբեր է» (օրինակ' զինվորը երկու տարի կտրված է հասարակությունից) եւ հուզականորեն «օտարված»: Սակայն, ուսումնասիրելով այդ համակարգը, կրթության «սկզբունքներն» ու բարոյահոգեբանական մթնոլորտը, ակնհայտ է, որ այն «կլանում» է անձին եւ «կերտում» այդ մթնոլորտին, արժեքներին, կողմնորոշիչներին համապատասխան:

Խնդիրն այն է, որ ի սկզբանե տարբեր հոգեբանական առանձնահատկություններով եւ արժեքներով անձինք են «մտնում» այդ ոլորտ: Բնականաբար, «հարմարման» (ադապտացիայի) շրջանն անցնելուց հետո կամ հաղթահարում եմ սեփական «Ես»-ի յուրահատկությունները եւ դառնում համակարգի անդամներից  մեկը կամ, մնալով համակարգում, մշտապես ներքին կոնֆլիկտների առկայությամբ, չհարմարվելով' դառնում են «անհաջող կադրեր»: Բնագավառը ներկայացնում է իր պրոֆեսիոգրաման' մասնագիտական պահանջվող հմտությունների, ունակությունների, հոգեբանական հատկանիշների «գրված  եւ չգրված ցանկը», համակարգը:  Կառավարվող սկզբունքներից ելնելով' դրանք տարբեր երկրներում տարբեր են. դժվար է պատկերացնել Մեծ Բրիտանիայի ոստիկանի մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների «չգրված» ցանկում «դաժանությունը»' որպես «պահանջվող» կարեւորագույն հատկանիշ: Հայաստանում, ինչպես նաեւ ԱՊՀ զարգացող երկրներում, որոնք «զարգանալով» կամ ցանկանալով բռնել «ժողովրդավարացման» ուղին եւ մշտապես ունենալով իշխող վարչախմբից ազատվելու խնդիր' ոստիկանին ներկայացվող պահանջներն առանց նշված հատկանիշի չի ընկալվում: Այսինքն' հասարակական կարգից կախված' նման մասնագիտություններում անձնային գործոնը «վերանում է» եւ հարմարման գործընթացից հետո մնում է միայն «սոցիալականը»:

Դիտարկենք այն փաստը, որ լինելով բացասական կարծրատիպ, միեւնույն է, այդ համակարգ դիմող անձինք բավականին մեծ զանգված են կազմում: Մեր օրերում դժվար է մասնագիտության ընտրությունը: Մասնագիտություն ընտրելու հարցում մեծ նշանակություն ունի հոգեբանական գործոնը: Սակայն այդ ընտրությունը շատ հաճախ բխում է ոչ թե անհատական որակների, այլ առաջնային պահանջմունքների սկզբունքներից'  նյութական եւ այլ շահերից:

Հասարակության շերտավորման պայմաններում, երբ առաջանում են հարուստներ եւ ծայրաստիճան աղքատներ, պետության մեջ իրավախախտումները, հանցագործությունները եւ անարդարությունները գերիշխում են, օրենքները չեն գործում, գործում է «մեղավորը միշտ թույլն է» սկզբունքը:  Այսպիսի պայմաններում մասնագիտական ընտրությունը կատարվում է ոչ թե անձի նախասիրություններին, առանձնահատկություններին համապատասխան, այլ առավելագույն համալրվածությամբ' աշխատանք ունենալու, աշխատանքում աճելու եւ իշխանություն ձեռք բերելու հնարավորություն, նյութական շահ,  թերեւս տղաների համար խիստ արդի' բանակի խնդրի լուծում եւ որպես օրինապաշտպան շղթայի մի մաս' օրենքի հովանավորություն, այսինքն' առաջնորդվում են նախընտրելի «հարմարավետության»' «գողի» փոխարեն «գող բռնողի» հոգեբանությամբ: Եվ ի վերջո' շատ «պատահական» անձինք հայտնվում են իրենց անձնային հատկանիշներին  ոչ համապատասխան «դաշտում»,   որից հետո անհրաժեշտ է այդ դաշտում  հարմարվելը:

Օրինակ' ներքին գործերի բարձրագույն դպրոցի սաները, ելնելով բնավորության առանձնահատկություններից, պետք է միջոցներ մշակեն «հաջող» հարմարմանը' ընտելանալու համար այդ պայմաններին: Ցանկալի է, որ այդ առանձնահատկություններն ընդգծված չլինեն, քանի որ նշանակալիորեն փոքրացնում են հարմարման սուբյեկտիվ կարողությունները  □նոր դերում□: Հարմարումը կարող է անհաջող անցնել այն իմաստով նաեւ, որ հուզականորեն հագեցած, լարված այդ շրջանում, երբ սթրեսածին ազդակները տեւական բնույթ ունեն, անձի որեւէ առանձնահատկություն կարող է խորանալ եւ ախտաբանական զարգացում ապրել: Որոշ հոգեբանական հատկանիշների (օրինակ' ռիգիդության (անճկունություն), իմպուլսիվության, սենզիտիվության (զգայունակություն)) առկայության դեպքում ավելի դժվար է ներքին գործերի կուրսանտների հարմարումը, իսկ այդ հատկանիշների առկայության դեպքում առավել եւս սրվում է կուրսանտների շրջանում փոխհատուցման անհրաժեշտությունը (պատանեկան ռոմանտիզմից դեպի խիստ եւ սահմանափակ իրականություն): Սովորելու ընթացքում տարած դժվարությունների փոխհատուցումը նշանակալի դիրքի գրավումն է, իսկ ընթացքում' ներքին մթնոլորտը, մարդկային անդեմ փոխհարաբերությունները կարող են «ապահովել» հոգեբանական առանձնահատկության «աճը» դեպի շեղում եւ ընդգծված հոգեբանական խնդիրների առաջացման համար պարարտ հող լինել: Բնականաբար, նման անձինք հավասարակշռություն ստեղծելու համար դիմում են պաշտպանական մեխանիզմների եւ հոգեբանական փոխհատուցումների: Առավել վառ դրսեւորվող հոգեբանական պաշտպանական մեխանիզմներից է ագրեսիան, որն ամրապնդվում եւ դառնում է անձնային, ավելի ճիշտ' մասնագիտական առանձնահատկություն: Առհասարակ, ողջ ներքին կոնֆլիկտների առկայության գիտակցումը թույլ է տալիս այդ անձանց գիտակցել նաեւ սեփական թերարժեքությունը, եւ նրանք անգիտակցորեն ձգտում են հաղթահարել անբավարարվածության եւ ֆրուստրատիվ (հուսախաբության) վիճակները: Այս մեխանիզմի վարքային «շարունակությունը» խիստ վտանգավոր կարող է լինել հասարակության համար: Բացի հոգեբանական ինքնապաշտպանական մեխանիզմներից, այս ոլորտի անձինք ունեն «արտաքին ինքնապաշտպանական գործոններ», որոնցից են, օրինակ, ծառայողական զենքը, ծառայողական դիրքը, հագուստը, «օրենքի հովանավորությունը», «դիմակը»: Սրանք լրացնում, ամբողջականացնում, փոխհատուցում են այն բարդույթները, հատկանիշները, որոնք  ընդգծում են անձի «Ես»-ի թուլությունը եւ, փոխհատուցելով այսպիսի մեխանիզմներով, նմանվում են «գայլի մորթով ոչխարների», որոնք այդ դիմակով դառնում են ագրեսիվ ու վտանգավոր, եւ պատուհաս են հասարակության համար:

Հատուկ ծառայություններն անհրաժեշտ իրողություն են պետության կյանքում, իսկ ցանկացած իշխանության կամ վարչակազմի համար ոստիկանությունն անփոխարինելի գործիք է, եւ նրա կատարած գործողություններով կարելի է բնութագրել, կարծիք կազմել իշխանության եւ կառավարության, հասարակարգի խոցելի եւ թույլ տեղերի մասին:  

                                                                            Արմինե Ղազարյան             

     Ռազմավարական  և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի  փորձագետ

Այս խորագրի վերջին նյութերը